Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին դեկտեմների 26-ին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա և հանդիպել այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուին։Այս մասին հաղորդում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը՝ հավելելով, որ հանդիպումների ժամանակ քննարկել են Իրաքի Քրդստանի և Թուրքիայի հարաբերությունները, հակաահաբեկչական պայքարի խնդիրներն ու տարածաշրջանային այլ հարցեր։
Իրաքյան Քրդստանի վարչապետը Թուրքիայի նախագահից շնորհակալություն է հայտնել քրդական ինքանավարությանն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում զինված ստորաբաժանումներով և սպառազինությամբ օժանդակելու համար:
Նկատենք, որ դեկտեմբերի 4-ին Թուրքիան շուրջ 150-հոգանոց հատուկջոկատայինների գումարտակ էր մտցրել Իրաք՝ Իրաքյան Քրդստանի ստորաբաժանումները մարզելու պատրվակով։ Սակայն Իրաքի բազմաթիվ հայտարարություններից, միջազգային կառույցներին դիմելուց հետո էլ դեկտեմբերի 22-ին Թուրքիան հրաժարվել էր դուրս բերել Իրաքում տեղակայած զորքերը:
Փաստացի Իրաքի ենթակայության տակ գտնվող քրդական ինքնավարության վարչապետն այս քայլով ցույց է տվել, որ անկախ Իրաքի ղեկավարոթւյան պահանջներից, իրենք կողմ են թուրքական ստորաբաժանումների տեղակայմանը և հաշվի չեն առնում կենտրոնական կառավարության դիրքորոշումը:
Նշենք, որ սա Իրաքի Քրդստանի ղեկավարության արդեն 2-րդ բարձր մակարդակի այցն է այս ամսին. դեկտեմբերի 9-ին Թուրքիայում էր Իրաքի Քրդական ինքնավարության նախագահ Մեսուդ Բարզանին։
Նկատենք, որ չնայած ամառվանից Թուրքիայում սկսված և մինչ օրս շարունակվող թուրք-քրդական բախումներին՝ Թուրքիան ջերմ հարաբերություններ է պահում Իրաքի քրդերի հետ՝ նաև ստանալով վերջիններիս աջակցությունը։ Պատահական չէ, որ երբ Ռուսաստանը Թուրքիային մեղադրեց «Իսլամական պետություն» ահաբեկչական պետության հետ նավթային գործարքների մեջ լինելու համար՝ ի ապացույց ցուցադրելով երկնքից նկարված նավթատարերը, քրդերը պնդեցին, որ դրանք իրենց են։
Իսկ երբ ռուս-թուրքական հարաբերություններն էլ ավելի սրվեցին, Հյուսիասային Իրաքի քրդական ինքնավարությունը պաշտոնապես խնդրեց Մոսկվային Կասպից ծովից չռմբակոծել ԻՊ դիրքերը՝ պատճառաբանելով, որ դրա հետևանքով դադարեցվել են Քրդական ինքնավարության Էրբիլ և Սուլեյման քաղաքների օդանավակայանների աշխատանքները, ինչը տարածաշրջանում էլ ավելի է ծանրացնում արդեն իսկ ճգնաժամային տնտեսական վիճակը։
Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ Թուրքիան փորձում է էլ ավելի սրել Բարզանիի վերահսկողության տակ գտնվող և Թուրքիայի տարածքում ապրող քրդերի հակասությունները՝ Իրաքի քրդերի հետ ջերմ հարաբերություններով, ինչը հնարավորություն կտա կանխել վերջիններիս ուժերի միավորումը և Քրդական պետության ստեղծման անխուսափելիությունը սահմանափակել Իրաքի տարածքում՝ ապահովելով սեփական տարածքների ամբողջականությունը։