Դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վանաձորում ծառայողական բնակարաններ է հանձնել ՀՀ ԶՈւ սպաներին ու նրանց ընտանիքներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։
Խորհրդանշական կարմիր ժապավենի հատման հանդիսավոր արարողությունը Սեյրան Օհանյանը իրականացրել է բնակարանամուտը տոնող սպաների երեխաների հետ միասին: Հանդիսավոր արարողությանը, ըստ հրապարակված լուսանկարների, մասնակցել է նաև ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը։
Նշենք, որ բացի այդ, այս տարվա սկզբից բնակարաններ են տրամադրվել նաև ՀՀ ՊՆՀՕՊ զորամասերից մեկի և 5-րդ ԲԿ զորամասերից մեկի զինծառայողներին, ինչպես նաևԱգարակում ծառայող ՀՀ ԶՈւ զինծառայողներին:
Եվս 176 բնակարան նոյեմբերին Ստեփանակերտում ՊԲ սպաներին է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Ընդհանուր առմամբ՝ 2015թ. ամբողջ ընթացքում ՀՀ ՊՆ-ն նախատեսում էր զինծառայողների տրամադրել 130 բնակարան: (Սրա մեջ, ամենայն հավանականությամբ, չեն մտնում Արցախում հայկական զինված ուժերին հանձնվող բնակարանները)։
Իսկ Արցախի Ճարտար քաղաքի Նոր Ճարտար թաղամասում էլ ներկայում կառուցվում է երկու բազմաբնակարան շենք, որի 14 հատ երկու սենյականոց և 10 հատ երեք սենյականոց բնակարանները նույնպես տրամադրվելու են Պաշտպանության բանակի սպաներին։