ՀՀ կառավարության՝ այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ընդունած որոշումներից մեկով ՀՀ պաշտպանության նախարարության կազմում երկու ամսվա ընթացքում ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիման վրա կստեղծվի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը:
Կառավարության որոշմամբ սահմանվել են համալսարանի գործունեության նպատակը, խնդիրները և գործառույթները: Ըստ այդմ՝ համալսարանի նպատակն է ռազմավարական մակարդակի կրթական օղակի ստեղծումը, մասնավորապես, ռազմաքաղաքական ղեկավարության համար պաշտպանական անվտանգության ոլորտում գիտատեսական և գիտակիրառական ռազմավարական հետազոտությունների իրականացումը:
«Միջգերատեսչական ձևաչափով կրթական ծրագրերի իրականացմամբ պաշտպանական-անվտանգային համակարգի ղեկավար կադրերի պատրաստումը և պետության ռազմաքաղաքական ղեկավարության համար պաշտպանական անվտանգային ոլորտում հետազոտությունների իրականացումը` գնահատումների և առաջարկությունների ներկայացմամբ, էական նշանակություն ունեն պետության անվտանգության ապահովմանն ուղղված համապետական քաղաքականության արդյունավետության մակարդակի բարձրացման տեսանկյունից: Այս խնդրի լուծմանն է միտված ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիման վրա ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման ծրագիրը», — հայաստանյան Panorama.am կայքի փոխանցմամբ ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ համալսարանի ստեղծման գաղափարը 2004-2014թթ. ընթացքում քննարկումներ է անցել ՀՀ և ԱՄՆ առաջատար գիտակրթական ու պետական հաստատություններում, մասնավորապես` ԱՄՆ Պաշտպանական ազգային համալսարանի Ռազմավարական կիրառական ուսուցման կենտրոնում, Տեխնոլոգիաների և ազգային անվտանգության քաղաքականության կենտրոնում, Միջազգային անվտանգային հարաբերությունների քոլեջում, Հարվարդի համալսարանում, Դիվանագիտության և իրավունքի Ֆլետչերի դպրոցում, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեում, ՀՀ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում:
Արդյունքում ակնկալվում է ստեղծել ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, որի միջոցով մասնավորապես հնարավոր կլինի.
- պաշտպանական-անվտանգային ոլորտում ռազմավարական հետազոտությունների կատարմամբ ապահովել տվյալ ոլորտում ռազմավարական որոշումների ընդունման գիտական հենքը,
- պատրաստել ՀՀ պաշտպանական-անվտանգային համակարգի համար գիտական կադրեր:
Հաստատությանը ֆինանսական ճկունություն ընձեռելու համար ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ կստեղծվի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադրամ, որի նպատակն է աջակցել համալսարանի գործունեությանը:
Նշենք, որ որպես հետագայում համալսարանի ստեղծման հիմք՝ ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը ստեղծվել է դեռևս 2005թ.: Այն պաշտպանական-անվտանգային ոլորտում կատարում է ռազմավարական վերլուծություններ և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանն է ներկայացնում համապատասխան եզրակացություններ և առաջարկություններ:
Pingback: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՀՀ նախագահին, ԱԳ նախարարին և ոստիկանության պետին | Ռազմ.info
Pingback: Բացվել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը | Ռազմ.info