Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. դեկտեմբերի 23-24

Դեկտեմբերի 23-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK)  հետ բախումներում սպանվել են 1 ուժային և PKK-ի 4 զինյալ, վիրավորվել` 5 ուժային և 1 քաղաքացի:  Այս մասին հայտնում են թուրքական «Դողան հաբեր» և պետական «Անադոլու» լրատվական գործակալությունները:

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառի կենտրոնում

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառի կենտրոնում

«Դողանի» փոխանցմամբ՝ Սուր գավառում (դեկտեմբերի 2-ին հանվել, սակայն դեկտեմբերի 11-ին կրկին գործողության մեջ էր դրվել փողոց դուրս գալու արգելքը) թուրքական ուժայինների և PKK-ի և թուրքական ուժայինների բախումներում միայն դեկտեմբերի 23-ին զոհվել է թուրքական ժանդարմերիայի մեկ հատուկջոկատային, վիրավորվել` 5-ը:

«Անադոլուն» իր հերթին հայտնում է, որ դեկտեմբերի 23-ին Սուր գավառում սպանվել է 4 քուրդ զինյալ: Ընդհանուր առմամբ վերջին 26 օրվա ընթացքում այդ գավառում թուրքական ուժայինները սպանել են 56 քուրդ զինյալի:

Միևնույն ժամանակ նույն գործակալությունը հայտնում է, որ դեկտեմբերի 23-ին Սուրում վիրավորված 5 ուժայիններից 1-ը ևս զոհվել է: Նույն օրը մահացել է նաև դեկտեմբերի 20-ին Շրնաք նահանգի Ջիզրե գավառում վիրավորված մեկ հատուկջոկատային ենթասպա:

Շրնաք նահանգի Ջիզրե գավառում բախումների հետևանքով վնասվել են տներ, աշխատավայրեր:

Շրնաք նահանգի Ջիզրե գավառում բախումների հետևանքով վնասվել են տներ, աշխատավայրեր:

«Դողան հաբեր» լրտավական գործակալության փոխանցմամբ՝  Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր Մարդինի Դարգեչիդ ու Շրնաքի Ջիզրե և Սիլոփի գավառներում, ինչպես նաև Բիթլիսի Սեհի Օրմանլարը տեղանքում շարունակվող բախումների հետևանքով 2015-ի դեկտեմբերին սպանվել է ընդհանուր առմամբ 168 քուրդ զինյալ:

Քրդական աղբյուրների լուսաբանումը

Քրդական ANF News լրատվական գործակալությունը հայտնում է, որ Դեկտեմբերի 23-ին Սուր գավառում թուրք ուժայինները սպանել են 2 խաղաղ բնակչի, իսկ Մարդինի Դարգեչիդ գավառում` 3 քաղաքացու, վիրավորել` 3-ին:

Դեկտեմբերի 24-ին` Շրնաքի Ջիզրե գավառում թուրքական ուժայինները տանկերով կրակել են բնակելի տների ուղղությամբ. սպանվել է մեկ մարդ: Սուր գավառում թուրքական ուժայինները շարունակում են զրահամեքենաներվ շրջել և կրակել մարդկանց ուղղությամբ, ինչպես նաև կենտորնական քաղաքում տանկերով կրակել բնակելի տների վրա: Դարգեչիդում հրետանուց կրակել են բնակելի թաղամասերի ուղղությամբ. մեկ տուն ամբողջությամբ այրվել է:

Ավելացնենք, որ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր, Մարդին և Շրնաք նահանգներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) մարտիկների հետ բախումներում անցյալ շաբաթ` դեկտեմբերի 13-19-ը, ներգրավված էին Թուրքիայի ԶՈւ 10 հազար զինծառայողներ` 14 գեներալի գլխավորությամբ, ինչպես նաև մի քանի հազար ոստիկան, որոնց մասին հստակ տվյալներ չեն հրապարակվում: Բախումներում թուրքական զինուժը ներգրավել էր նաև տանկեր և այլ զրահատեխնիկա: Թուրքական ոստիկանության և ժանդարմերիայի հատուկջոկատայինները նախ ինքնաթիռով տեղափոխվել էին Շրնաք քաղաքի օդանավակայան, ապա զրահամեքենաներով ուղարկվել այդ նահանգի Սիլոփի և Ջիզրե գավառներ:

PKK զինյալներ

PKK զինյալներ

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների արձակած կրակոցների հետևանքով զոհվել էր թուրք-սիրական սահմանագծի Քիլիս քաղաքի շրջանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ 1 ենթասպա, ևս 4 զինծառայողներ վիրավորվել էին: Այս դեպքից հետո թուրքական կառավարությունը կարճ ժամանակով գործողություններ սկսեց ԻՊ-ի դեմ, ինչից հետո անմիջապես անցավ քուրդերի դեմ պայքարին` ավիահարվածներ հասցնելով Իրաքում PKK-ի դիրքերին, ինչպես նաև գործողություններ սկսելով Թուրքիայի ներսում:

«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակը զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավարևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիսարևմտյան և Սիրիայի հյուսիսարևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումն է: Կազմակերպության հիմքում ընկած են մարքսիստական, սոցիալիստական և քուրդ ազգայնականության գաղափարախոսությունները:

PKK-ի ռազմական թևը «Ժողովրդի պաշտպանական ուժեր»-ն են (Hêzên Parastina Gel — HPG, անգլ.` People’s Defence Forces). PKK-ի, ինչպես նաև վերջինիս ռազմական թևի համացանցային կայքերն արգելափակված են թուրքական դատարանի որոշմամբ: Հավելենք, որ երբեմն PKK-ն վերջինիս ռազմական թևի անվամբ կոչում են նաև HPG։ Կազմակերպությունն ունի նաև կանանց թև՝ YJA STAR-ը (քրդերեն` Yekîneyên Jinên Azad ên Star, անգլ.` Free Women’s Units).

3 responses to “Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. դեկտեմբերի 23-24

  1. Pingback: Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. դեկտեմբերի 24-25 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 20 – 26 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info

  3. Pingback: Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. դեկտեմբերի 27-28 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *