Թուրքական Otokar ռազմարդյունաբերական ընկերությունը ստորագրել է Թուրքիայի զինված ուժերին 4×4 անվային ընթացամասով զրահամեքենաներ, դրանց պահեստամասեր տրամադրելու, ինչպես նաև զրահամեքենաների սպասարկումն իրականացնելու շուրջ 52 մլն ամերիկյան դոլար արժողությամբ պայմանագիր: Այս մասին հայտնում է թուրքական «Բուգյուն» լրատվակայքը` փոխանցելով Otokar-ի տրամադրած տեղեկությունը:
Զրահամեքենաների մատակարարումը Թուրքիայի զինված ուժերին պետք է ավարտվի 2017 թվականի առաջին կեսին:
Նշենք, որ Otokar ընկերությունն արտադրում է 4×4 անվային բանաձևով աշխատող 4 տեսակի զրահամեքենա` «Կոբրա», «Կոբրա-2», «Ուրալ» և «Քալե»: 2013-ին Otokar-ը Կոբրա (Cobra) թեթև զրահամեքենաների խոշոր պատվեր էր ստացել Թուրքիայի զինված ուժերից: Մինչ այդ Թուրքիայի զինված ուժերում արդեն կար շուրջ 780 միավոր Կոբրա զրահամեքենա: Ներկայումս ևս գրեթե նույն քանակությունն է նշվում, իսկ 2013-ին հայտարարված նոր խմբաքանակի մասին տեղեկություններ չեն հրապարակվել, ինչից կարելի է ենթադրել, որ նոր ստորագրված պայմանագրով նախատեսվում է Թուրքիայի զինուժին փոխանցել հենց «Կոբրա» զրահամքենաներ, կամ դրանց արդիականցված տարբերակը` «Կոբրա-2»:
«Կոբրան» 4×4 ընթացամասով զրահամեքենա է: Արտադրությունը սկսել է 1997 թվականին, կարող է տեղափոխել մինչև 8 զինծառայող։ Առավելագույն արագությունը 110 կմ/ժ է, զանգվածը` 4,8 տոննա, սպառազինությունում առկա են 7,62 մմ կամ 12,7 մմ գնդացիրներ։ «Կոբրայի» արդիականացված տարբերակի անձնակազմը 9-ից 10 մարդ է (10 մարդ կարող է տեղափոխել զրահափոխադրիչի ամֆիբիա տարբերակը):
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 20 – 26 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info