Գերմանիայի ԶՈւ 2 միավոր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք 2013-ից տեղակայված էին Թուրքիայի Քահրամանմարաշ գավառում` Սիրիայի հետ օդային սահմանների անվտանգությունն ապահովելու համար, դեկտեմբերի 22-ին դուրս են բերվել Թուրքիայից: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Գերմանական Patriot-ները երեկ` դեկտեմբերի 22-ին, Թուրքիայի Իսքենդերուն (Ալեքսանդրեթ) նավահանգստից Դանիային պատկանող 197 մ երկարությամբ և շուրջ 24 հազար տոննա տարողությամբ Britannia Seaways նավով տեղափոխվել են Գերմանիա: Նշվում է, որ գերմանական կողմը ՀՕՊ համակարգերի դուրսբերման համար 15 օր նախապատրաստական աշխատանքներ էր տանում:
Մինչ այս՝ օգոստոսի 15-ին, Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ իր Patriot զենիթահրթռիային համակարգերն ու դրանց անձնակազմերը Թուրքիայից դուրս է բերելու 2016-ի հունվարին:
Թուրքիայում դրանք շահագործվում էին Գերմանիայի նատօյական դաշնակցի՝ Թուրքիայի խնդրանքով՝ երկիրը Սիրիայից և «Իսլամական պետությունից» եկող հավանական վտանգից պաշտպանելու համար: Նույն ժամանակ ԱՄՆ-ն ևս հայտարարել էր Թուրքիայում տեղակայված իր Patriot-ների դուրսբերման մասին:
2015-ի հոկտեմբերին էլ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն արդեն դուրս է բերել 2013-ից Թուրքիայում տեղակայած Patriot համակարգերը և դրանց սպասարկող անձնակազմը:
Իսկ դեկտեմբերին իսպանական կողմը հայտարարեց, որ իրենք որոշել են մեկ տարի ևս Թուրքիայում պահել 2 միավոր Patriot համակարգերը և սպասարկող 130-հոգանոց անձնակազմը:
Իսպանական համակարգերը Թուրքիայում տեղակայվել էին 2015-ի սկզբին՝ փոխարինելով նիդեռլանդական ստորաբաժանումներին, որոնք Թուրքիայի տարածքից դուրս են բերվել 2015-ի հունվարին: Ասպիսով, 2013-ին Թուրքիայում տեղակայված նատօյական 6 միավոր Patriot-ներից առայժմ մնացել են միայն Իսպանիայի 2 միավոր ՀՕՊ համակարգերը:
Սակայն դեկտեմբերի 19-ին ՆԱՏՕ-ն հաստատել էր Թուրքիային «ՀՕՊ օգնության» փաթեթը, ինչը մասնավորապես ենթադրում է Սիրիայի հետ օդային սահմանների պաշտպանության հարցում այդ երկրին տրամադրել վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգեր (AEWAC):
Հավելենք նաև, որ Թուրքիան չունի սեփական միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր: ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մրցույթ էր հայտարարվել դեռևս 2013-ին, որին մասնակցում էին նաև Patriot-ները: Սակայն թուրքերը նախ` մրցույթի հաղթող ճանաչեցին Չինաստանի արտադրած HQ-9 համակարգերը (Ս-300-ի չինական կրկնօրինակ), հետո ՆԱՏՕ-ի ճնշման տակ չեղյալ հայտարարեցին իրենց որոշումը, այն էլ մի քանի անգամ:
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 20 – 26 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info
Pingback: ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները անդրադարձել են Թուրքիային օգնությանը | Ռազմ.info