Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. դեկտեմբերի 22-23

Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին և Դարգեչիթ գավառներում վերջին 10 օրվա ընթացքում սպանվել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) 14 զինյալ, վիրավորվել` 5 ուժային և 5 քաղաքացի: Այս մասին այսօր` դեկտեմբերի 23-ին, հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Դիարբեքիրում ուժայինները հատուկ գործողություն են սկսում PKK-ի զինյալների դեմ: Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Դիարբեքիրում ուժայինները հատուկ գործողություն են սկսում PKK-ի զինյալների դեմ:

Դարդչիթում դեկտեմբերի 11-ին, իսկ Նուսայբինում դեկտեմբերի 21-ին «փողոց դուրս գալու» արգելք սահմանվելուց հետո շարունակվում են թուրքական ուժայինների և քրդերի բախումները:

Թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալությունն իր հերթին հայտնում է, որ երեկ` դեկտեմբերի 22-ին, Նուսայբին գավառում թուրքական ուժայինների գործողությունների հետևանքով սպանվել է 2 խաղաղ բնակիչ:

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը երեկ` դեկտեմբերի 22-ին, հայտնել էր, որ Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս նահանգի Սեհի Օրմանլարը անտառապատ լեռնային տարածում քուրդ զինյալների հետ բախումներում սպանվել է ժանդարմերիայի 1 հատուկջոկատային, ևս մեկը` վիրավորվել: Այսպիսով, 2 օրվա ընթացքում Սեհի Օրմանլարը տեղանքում թուրքական ուժայիններն, ընդհանուր առմամբ, տվել են 3 զոհ և առնվազն 8 վիրավոր:

«Իհլաս հաբեր» լրատվական գործակալությունը հայտնում է, որ դեկտեմբերի 22-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում քրդերի հետ բախումներում վիրավորվել է 4 հատուկջոկատային:

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառի կենտրոնում

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառի կենտրոնում

Քրդական «Դիջլե հաբեր» լրատվական գործակալությունը հայտնում է, որ դեկտեմբերի 22-ին Սուր գավառում թուրքական ուժայինների գործողությունների հետևանքով վիրավորվել է 3 խաղաղ բնակիչ:

Քրդական մեկ այլ լրատվական գործակալություն` «ANF News»-ը, հայտնում է, որ դեկտեմբերի 22-ին Շրնաք նահանգի կենտրոնում` Շրնաք քաղաքում, սպանվել է մեկ, վիրավորվել` 2 ոստիկանության հատուկջոկատային:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս նահանգում PKK-ի զինյալների հետ բախումներում սպանվել էր թուրքական ժանդարմերիայի 1, վիրավորվել` 9 հատուկջոկատային: Նույն օրը Դիարբեքիրում սպանվել էր 1, վիրավորվել` 4 հատուկջոկատային:

Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի մարտիկներ

Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի մարտիկներ

Ավելացնենք, որ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր, Մարդին և Շրնաք նահանգներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) մարտիկների հետ բախումներում անցյալ շաբաթ` դեկտեմբերի 13-ից 19-ը, ներգրավված էին Թուրքիայի ԶՈւ 10 հազար զինծառայողներ` 14 գեներալի գլխավորությամբ, ինչպես նաև մի քանի հազար ոստիկաններ, որոնց մասին հստակ տվյալներ չեն հրապարակվում: Բախումներում թուրքական զինուժը ներգրավել էր նաև տանկեր և այլ զրահատեխնիկա: Թուրքական ոստիկանության և ժանդարմերիայի հատուկջոկատայինները նախ ինքնաթիռով տեղափոխվել էին Շրնաք քաղաքի օդանավակայան, ապա զրահամեքենաներով ուղարկվել այդ նահանգի Սիլոփի և Ջիզրե գավառներ:

One response to “Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. դեկտեմբերի 22-23

  1. Pingback: Թուրքիայի ԳՇ. «Դեկտեմբերի սկզբից Թուրքիայում սպանվել է 305 քուրդ զինյալ» | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *