Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տրամադրած տեղեկության համաձայն` 2007-ից 2014 թթ. հետխորհրդային երկրներ զենքի և ռազմական տեխնիկայի արտահանմամբ առաջին 3 հորիզոնականում հաջորդաբար Ռուսաստանը, Իսրայելը և Թուրքիան են: Կենտրոնի զեկույցում հաշվի են առնվել նախկին Խորհրդային Միության անդամ բոլոր 15 հանրապետություններին` Ադրբեջան, Բելառուս, Թուրքմենստան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Ռուսաստան, Վրաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա և Էստոնիային նշված ժամանակահատվածում մատակարարված զենքի և ռազմական տեխնիկայի ծավալները:
Ընդհանուր առմամբ 2007-ից 2014 թթ. ռուսաստանյան կենտրոնի հաշվարկներով հետխորհրդային երկրները ներմուծել են 11,293 մլրդ ամերիկյան դոլարի ռազմական արտադրանք: Համեմատության համար նշենք, որ 2007-ին ներմուծվել է 733,4 մլն դոլարի, 2013-ին` 2 մլրդ 646 մլն-ի, իսկ 2014-ին` 2 մլրդ 290 մլն ամերիկյան դոլարի ռազմական արտադրանք:Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ 7 տարվա ընթացքում հետխորհրդային երկրների ռազմական արտադրանքի գնման ծավալներն աճել են գրեթե 3 անգամ:
Նշված ժամանակահատվածում հետխորհրդային երկրներին վաճառած զենքի և ռազմական տեխնիկայի ծավալով 5 մլրդ 313 մլն-ով Ռուսաստանն է (ընդհանուր վաճառքի 47 %-ը): 2013-ին Ռուսաստանն այդ երկրներին վաճառել է 1 մլրդ 415 մլն ամերիկյան դոլարի, իսկ 2014-ին` 1 մլրդ 65 մլն դոլարի սպառազինություն:
Վաճառքի ցուցանիշներով երկրորդ հորիզոնականում Իսրայելն է, որ նշված ժամանակահատվածում հետխորհրդային երկրներին վաճառել է ընդհանուր առմամբ 1 մլրդ 108 մլն-ի սպառազինություն և տեխնիկա: Եթե 2007-ին այս երկիրը վաճառել է 142,4 մլն ամերիկյան դոլարի սպառազինություն, ապա 2013-ին վաճառել է 247,3 մլն-ի, իսկ 2014-ին` 276,2 մլն ամերիկյան դոլարի ռազմական արտադրանք:
Հետխորհրդային երկրներին նշված ժամանակահատվածում սովորական սպառազինության վաճառքի ցուցանիշներով երրորդ տեղում ընդհանուր առմամբ 985,5 մլն ամերիկյան դոլարի սպառազինության վաճառքով Թուրքիան է: Եթե 2007-ին Թուրքիան հետխորհրդային երկրներին վաճառել էր ընդամենը 16 մլն դոլարի սպառազինություն, ապա 2014-ին վաճառքից ստացվել է 250 մլն դոլար` շուրջ 16 անգամ ավել:
1. | Ռուսաստան | 5,313 մլն $ | |
2. | Իսրայել | 1,108 մլն $ | |
3. | Թուրքիա | 985 մլն $ | |
4. | Ուկրաինա | 858* մլն $ | |
5. | Ֆրանսիա | 706,2 մլն $ | |
6. | Իտալիա | 513,4 մլն $ | |
7. | Բելառուս | 464,3 մլն $ | |
8. | Մեծ Բրիտանիա | 225,9 մլն $ | |
9. | ԱՄՆ | 198,7 մլն $ | |
10. | Իսպանիա | 187,7 մլն $ |
* 4-րդ հորիզոնականում Ուկրաինան է` 858 մլն դոլարի սովորական սպառազինության վաճառքով: Նշվում է, որ կենտրոնը հաշվի է առել երկրների արտահանման ծավալների վերջնական արդյունքները, ինչի պատճառով Ուկրաինան հայտնվել է 4-րդ տեղում, քանի որ հետխորհրդային երկրներին տրամադրած զենքի ծավալներում լուրջ անկում է գրանցվել վերջին տարիներին` պայմանավորված քաղաքացիական պատերազմով: Բացի այդ Ուկրաինան չի տրամադրել զենքի արտահանման բոլոր տվյալները, հակառակ դեպքում` այդ երկիրը փաստացի ցուցանիշներով գերազանցում է Թուրքիային և Իսրայելին:
2007-ից 2014 թթ. հետխորհրդային երկրներ արտահանած սովորական սպառազինության ծավալով 5-ից 10-րդ հորիզոնականներում հաջորդաբար տեղ են գտել` Ֆրանսիան (706,2 մլն ԱՄՆ դոլար), Իտալիան (513,4 մլն ԱՄՆ դոլար), Բելառուսը (464,3 մլն դոլար), Մեծ Բրիտանիան (225,9 մլն ԱՄՆ դոլար), ԱՄՆ-ը (198,7 մլն ԱՄՆ դոլար) և Իսպանիան (187,7 մլն ամերիկյան դոլար):
Միայն 2014-ին հետխորհրդային երկրներ արտահանած սովորական սպառազինության ցուցանիշներով առաջինը Ռուսաստանն է (1 մլրդ 65 մլն ամերիկյան դոլարի սպառազինություն), 2-րդը` Իսրայելը (276,2 մլն ամերիկյան դոլարի սպառազինություն), իսկ 3-րդ տեղում Ֆրանսիան է` 252,3 մլն ամերիկյան դոլարի սովորական սպառազինության արտահանմամբ:
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 20 – 26 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info