Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է նոր մարտական կորստի մասին

Դեկտեմբերի 19-ին առաջնագծում «հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Նուրմեմմեդզադե Իբրահիմ Էվեզ օղլուն (Nurməmmədzadə İbrahim Əvəz oğlu): Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը՝ հավելելով, թե ադրբեջանցիների պատասխան կրակից հայկական կողմն, իբր, ունի 2 զոհ և 4 վիրավոր:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Նուրմեմմեդզադե Իբրահիմ Էվեզ օղլուն

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Նուրմեմմեդզադե Իբրահիմ Էվեզ օղլուն

ՊԲ մամուլի ծառայության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Razm.info-ի հետ զրույցում հերքեց հայկական կորուստների մասին տեղեկությունը. «Հերթական քարոզչական քայլն է, անհիմն ապատեղեկատվություն: Պաշտպանության բանակը պարբերաբար իրազեկում է հանրությանն՝ առաջնագծում, ինչպես նաև Պաշտպանության բանակում կատարված իրողությունների մասին»:

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին իրավիճակը շփման գծում բավականին լարված է: Երեկ՝ դեկտեմբերի 18-ի գիշերը, հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած հերթական դիվերսիոն գործողությունը հետ մղելիս զոհվել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիդար Իգորի Ալոյանը: Սա դեկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմի 4-րդ կորուստն էր: Նույն ժամանակահատվածում հայկական կողմի պատժիչ գործողություններից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ 4 զինծառայող:

Նշենք նաև, որ երեկ՝ դեկտեմբերի 19-ի վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անականկալ այցելել էր Արցախ,  ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի ուղեկցությամբ տեղերում ծանոթացել առաջնագծում իրադրությանը, հակառակորդին հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին ու հանդիպել հրամկազմի և զինծառայողների հետ:

2015 թ. սկզբից սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում կորուստների հայտնի դարձած 90-րդ դեպքն է, որն արձանագրել է Razm.info կայքը:

One response to “Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է նոր մարտական կորստի մասին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 13 – 19 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *