Այսօր՝ դեկտեմբերի 19-ին՝ Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հաղորդագրություն, որով ամփոփել են հանդիպման արդյունքները։
Հայտարարության մեջ նշվում է, որ անցկացված հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին թույլ է տվել հստակեցնել իրենց դիրքորոշումները առանձնազրույցի ժամանակ։
Նախագահները, ըստ ՄԽ համանախագահների, քննարկել են վերջին շրջանում բռնությունների դեպքերը և մտահոգություն են հայտնել ծանր սպառազինության կիրառման հետևանքով զոհվածների, այդ թվում քաղաքացիականների շրջանում զոհերի կապակցությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել նաև հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում բռնության ռիսկերի նվազեցման, այդ թվում նաև հետաքննությունների մեխանիզմ կիրառելու վերաբերյալ համանախագահների աշխատանքին։
Նախագահները նաև պատրաստակամություն են հայտնել շարունակել բանակցային կարգավորման առաջարկների շուրջ ներգրավվածությանը և վերահաստատել են իրենց հանձնառությունը Մինսկի խմբի ձևաչափին։
Նշենք, որ մինչ այս Ադրբեջանը տարբեր միջոցներով հրաժարվում էր սահմանին և շփման գծում հետաքննությունների մեխանիզմ կիրառելուց։
Ավելացնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը մեկնարկել է երկու երկրների արտաքին գործերի նախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ, ինչից հետո սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը:
Բանակցությունների ժամանակ քննարկվել են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը և հիմնախնդրի կարգավորման առաջմղման հնարավորությունները: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը բանակցությունների ավարտին պատասխանել է հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին՝ մեկնաբանելով հանդիպման արդյունքները:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 13 – 19 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info