Թուրքիայում հիմնվելու է ՆԳՆ-ին ենթակա սահմանապահ ծառայություն

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) խորհրդարանին է ներկայացրել պրոֆեսիոնալ սահմանապահ ծառայություն հիմնելու նախագիծը, որով նախատեսվում է նաև քաղաքացիական վերահսկողություն սահմանել ներկայումս Թուրքիայի պետական սահմանների հսկողությունն իրականացնող ԶՈւ ցամաքային զորքերի, առափնյա անվտանգության հրամանատարության և մաքսային ծառայության մարմինների նկատմամբ: Այս մասին թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան:

Թուրքիայի ԶՈւ զորավարժությունը Սիրիայի սահմանին

Թուրքիայի ԶՈւ զորավարժությունը Սիրիայի սահմանին

Նախարարը նշել է, որ Թուրքիայի սահմանները ներկայումս պահպանում են տարբեր մարմիններ, որոնց գործունեությունը պետք է համակարգվի մեկ հզոր կառույցի կողմից: Ըստ նրա՝ փոփոխություններն ուղղված են Թուրքիայի՝ Եվրոպական Միությանն (ԵՄ) անդամագրվելու գործընթացի արագացմանը, այդ գործընթացով նախատեսված փաթեթների իրականացմանը, ինչպես նաև վերջապես Թուրքիայի սահմանների պաշտպանությամբ զբաղվող բոլոր ռազմական մարմինների նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն սահմանելուն:

Նա ավելացրել է, որ նախագիծն արդեն հանձվել է Թուրքիայի խորհրդարանի քննարկմանը: Օրինագծով նախատեսվում է ստեղծել Սահմանապահ ծառայության գլխավոր տնօրինություն, որի կազմում պետք է լինեն առանձին տնօրինություններ: Դեռևս 2006-ին Թուրքիայի ՆԳՆ կայքում հրապարակված տեղեկության համաձայան՝ նոր սահմանապահ կառույցում ծառայելու են 70 հազար բացառապես պայմանագրային պրոֆեսիոնալներ՝ բացառելով սահմաններում ժամկետայինների ծառայությունը:

Ծրագրի համար ընդհանուր առմամբ նախատեսվում էր հատկացնել շուրջ 4 մլրդ 800 մլն ամերիկյան դոլար, որի շուրջ 60 տոկոսը պետք է հատկացներ ԵՄ-ն: Այս հայտարարության մեջ նշված է, որ ծառայությունը սահմանների պաշտանությունը պետք է իրականացնի արդեն 2014-ից: Թուրքիայի ՆԳՆ-ի մեկ այլ հայտարարությունում նշվում է,որ նոր ծառայությունը արդեն 2015-ից պետք է իրականացնի Բուլաղրիայի և Հունաստանի, 2017-ից՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի (Նախիջևան), 2018-ից՝ Սիրիայի հետ սահմանների պահպանությունը, իսկ Իրաքի և Իրանի հետ սահմանների հսկողությունն այդ մարմնին հանձնելու ժամկետները դեռևս պարզ չեն: Նոր մարմնի ծառայողները պետք է վերապատրաստվեն ոստիկանության ակադեմիայում:

Պրոֆեսիոնալ զինված սահմանապահ ծառայություն հիմնելուց, սահմանների պաշտպանության նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն սահմանելուց զատ, նախատեսվում է նաև թարմացնել Թուրքիայի քաղաքացիների անձնագրերը, տրամադրել նույնականացման քարտեր:

Հավելենք, որ դեռևս 2000-ականների սկզբից Թուրքիայում քննարկվում է Ներքին գործերի նախարարությանը կից սահմանապահ ծառայություն հիմնելու հարցը: Այս խնդիրն առաջադրվել էր ԵՄ-ի կողմից՝ Թուրքիայի՝ այդ կառույցին անդամագրմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացման շրջանակներում: Հիմնական նպատակներից մեկը Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա անօրինական ներթափանցումները, ահաբեկիչների շարժը կանխելու համար Թուրքիայի սահմանների նկատմամբ առավել համակարգված հսկողություն սահմանելն է:

Օգոստոսի կեսերին տեղեկություն եղավ, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «անվտանգ գոտի» է ստեղծում, ինչը շուտով հերքվեց: Ներկայում Թուրքիան նշում է, որ մտադիր են «անվտանգ գոտի» ստեղծել սահմանի մոտ և այդտեղից հեռացնել ԻՊ զինյալներին

Օգոստոսի կեսերին տեղեկություն եղավ, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «անվտանգ գոտի» է ստեղծում, ինչը շուտով հերքվեց: Ներկայում Թուրքիան նշում է, որ մտադիր են «անվտանգ գոտի» ստեղծել սահմանի մոտ և այդտեղից հեռացնել ԻՊ զինյալներին

Նախատեսվում է նախ քաղաքացիական վերահսկողություն սահմանել Թուրքիայի պետական սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորական ստորաբաժանումների նկատմամբ, ապա նաև ժամանակի ընթացքում դրանք փոխարինել ՆԳՆ-ին ենթակա սահմանապահ ծառայության՝ քաղաքացիական պրոֆեսիոնալ ծառայողներով, որոնք պետք է անցնեն հատուկ պատրաստություն:

2006-ին թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականի կայքի հայտնած տեղեկության համաձայն՝ սահմանների պաշտպանության համար ՆԳՆ-ի ենթակայության տակ պետք է ստեղծվի Թուրքիայի սահմանային անվտանգության գլխավոր տնօրինություն, որի կազմում պետք է լինեն տարբեր տնօրինություններ: Այս պնդման առաջին մասն ըստ էության Թուրքիայի ներքին գործերի նախարարը հաստատել է, իսկ կառույցի՝ ՆԳՆ-ին ենթակա լինելու հարցը նոր ծրագրի շրջանակներում դեռևս պաշտոնական հիմնավորում չի գտել, սակայն՝ հաշվի առնելով այն փաստը, որ օրինագիծն առաջ է քաշել ՆԳՆ-ն, ինչպես նաև այն, որ կառույցը լինելու է վարչության մակարդակով, իսկ ՆԳՆ-ն առավել վաղ հայտնել էր կառույցն իր կազմում ներառելու մասին, ենթադրաբար նոր նախագծում փոփոխություններ չեն արվել:

Հավելենք, որ Թուրքիայում իշխող կուսակցությանը մոտ կանգնած պարբերականի տվյալներով՝ նոր սահմանապահ մարմինը պետք է ունենար 70 հազար ծառայող, սակայն շուրջ տասը տարվա քննարկումների ընթացքում տվյալները կարող էին փոփոխության ենթարկվել: Նշվում է, որ ծրագրի քննարկումները դեռևս 2004-ի սկսվել են Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ: Ծրագրի իրականացման համար Եվրամիությունը Թուրքիային հատկացրել է 685 մլն եվրո (շուրջ 880 մլն ամերիկյան դոլար՝ 2006-ի փոխարժեքով), սակայն այս տվյալները ևս կարող են փոփոխության ենթարկված լինել:

Ըստ երևույթին սա ընդամենը ծրագրի իրականացման սկզբնական փուլում տրամադրված օգնությունն է Թուրքիային, քանի որ Եվրամիության համար կենսական է Թուրքիայի սահմաններին առավել մեծ հսկողություն սահմանելու խնդիրը: Թուրքիայի հետ ունենալով ընդհանուր արտաքին սահման՝ ԵՄ-ի առաջ խնդիր է դրված կանխել այդ սահմանով դեպի Եվրոպա անօրինական անցումները, քանի որ Թուրքիան թույլ է վերահսկում Սիրիայի և Իրաքի հետ պետական սահմանները, որտեղ ընթացող պատերազմների, ահաբեկչական գործողությունների հետևանքով բազմաթիվ ահաբեկիչներ Թուրքիայի սահմանով ներթափանցում են Եվրոպա: Հավելենք՝ Թուրքիայի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ իրենք չեն կարող ամբողջապես վերահսկել պետական սահմանները՝ ահաբեկիչների մուտքը կանխելու համար:

Թուրքիայի ցամաքային սահմանների երկարությունը 2,949 կմ է, իսկ ջրային սահմաններինը՝ 7,816 կմ: Հարևան պետությունների հետ Թուրքիան ունի ընդհանուր առմամբ 142 սահմանային անցակետ, որոնց մի մասը չեմ գործում՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև վերջին 2 տարվա ընթացքում Սիրիայի հետ ունեցած սահմանային անցակետերի մեծ մասը: Թուրքիան ցամաքային սահմաններ ունի հետևյալ պետությունների հետ. հյուսիս-արևմուտքում՝ Հունաստանի և Բուլղարիայի, Արևելքում՝ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի (Նախիջևան) և Իրանի, հարավ-արևելքում՝ Իրաքի և հարավում՝ Սիրիայի հետ:

2010-ին թուրքական «Սաբահ» պարբերականի հայտնած տեղեկության համաձայն՝ նոր նախագծով նախատեսվում է Իրանի, Իրաքի, Սիրիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Վրաստանի և Հայաստանի հետ ունեցած սահմանների պահպանությունն իրակացնել Հունգարիայի օրինակով, ինչը նախատեսում է այդ երկրների հետ սահմանների պահպանությունը հանձնել Ներքին գործերի նախարարության ենթակայության տակ ստեղծվելիք սահմանապահ ծառայությանը:

Մաքսային անցակետերը համարվում են Թուրքիայի քաղաքական սահմանները, և վերահսկողությունն իրակացվում է մաքսային և առևտրի գործեր նախարարության մաքսային ծառայության ու ներքին գործերի նախարարությանը ենթակա անվտանգության գլխավոր տնօրինության ոստիկանական ուժերի միջոցով: Մաքսային անցակետերից մինչև սահմանգիծն ընկած տարածության պահպանությունն իրականացնում են ԶՈւ ցամաքային ուժերը:

Մինչև 2013 թվականը Իրանի հետ Թուրքիայի պետական 500 կմ երկարությամբ սահմանի 127 կմ հատվածը, ինչպես նաև Իրաքի հետ 384 կմ երկարությամբ սահմանների պահպանությունը ժամանակավորապես իրականացնում էր ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունը, սակայն 2013-ից այն հանձնվել է ցամաքային զորքերին: Ջրային սահմանների պահպանությունն իրականացնում է առափնյա անվտանգության հրամանատարությունը, որը ենթարկվում է ՆԳՆ-ին՝ միայն պատերազմական իրադրության պայմաններում անցնելով ԶՈւ ռազմածովային ուժերի հրամանատարության տակ:

Հավելենք, որ 2012-ին Թուրքիայի արտգործնախարարությունը՝ Թուրքիայի պետական սահմանների վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով համագործակցության հուշագիր է ստորագրել ԵՄ արտաքին սահմանների անվտանգության գործակալության (Frontex) հետ:

Թուրքիա-Բուլղարիա սահմանը

Թուրքիա-Բուլղարիա սահմանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *