Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 27 օգոստոսի. թարմացվող լրահոս

16:49 Ինչպես հայտնում է Դաղստանի ՆԳՆ աղբյուրը, երեկ Դաղստանի Խասավյուրտ քաղաքի Պրիվոկզալնայա փողոցում անհայտ անձինք գնդակոծել են պարեկային ծառայության մեքենաները:
Գնդակոծության հետևանքով զոհվել է ոստիկանության ավագ Էլդար Էլմուրզաևը: Ոստիկանության երեք աշխատակից վնասվածքներով տեղափոխվել է քաղաքի կենտրոնական հիվանդանոց:
Դեպքի վայրում քննչական խումբ է աշխատում:

***

15:18 Նոր մանրամասներ Ինգուշեթիայի Նազրան քաղաքում տեղի ունեցած պայթյունի մասին. 2 կգ տրոտիլ հզորությամբ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական շուկայից ոչ հեռու գնտվող «Մարիա» ալկոհոլային խմիչքների խանութում:
Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ խանութի տիրուհին բացել է խանութի դուռն ու ներս մտել: Անմիջապես նրանից հետո ներս են մտել անհայտ անձինք, որոնց ձեռքին փաթեթ է եղել: Հենց այդ պահին էլ տեղի է ունեցել պայթյունը:
Պայթյունի հետևանքով երեք տղամարդ է վիրավորվել: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ինգուշեթիայի ՆԳՆ-ում չեն բացառում, որ տուժածներն իրենք կարող էին իրենց հետ բերել պայթուցիկը:

***

14:38 Ինգուշեթիայի Նազրան քաղաքի կենտրոնում՝ շուկայի տարածքում, ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել: Ըստ որոշ տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել շուկայի առևտրային տաղավարներից մեկում:  Հաղորդվում է տուժածների մասին, սակայն նրանց հստակ թիվն առայժմ չի նշվում:
Դեպքի վայր փրկարարներ, շտապ օգնության մեքենաներ և ոստիկաններ են մեկնել:
Անվտանգության նկատառումներով՝ քաղաքում հատուկ նշանակության ջոկատայիններ են շրջում:

***

14:15 Օգոստոսի 26-ին Չեչնիայի Շալինի շրջանի Սերժեն-Յուրտ բնակավայրում Չեչնիայի իրավապահ մարմինների կողմից տեղի 59-ամյա մի բնակիչ է ձերբակալվել: Վերջինս մեղադրվում է զինված խմբավորումներին հանցակցելու համար:
Նախնական հարցաքննության ժամանակ ձերբակալվածը խոստովանել է, որ 2006 թվականի գարնանը սննդամթերք է տրամադրել Չեչնիայի Վեդենի և Շալինի շրջաններում գործող մի զինված խմբավորման անդամներին:
Այդ մասին հայտնում է Չեչնիայի ԻՄ-ների ներկայացուցիչը:
Նշենք, որ օգոստոսի 23-ին կրկին զինյալներին հանցակցելու մեղադրանքով Չեչնիայի ԻՄ-ների կողմից ձերբակալվել է Չեչնիայի Շալինի շրջանի 22-ամյա մի բնակիչ:

***

14:00 ՌԴ ՆԳՆ ունեցած տվյալների համաձայն՝ օգոստոսի 27-ին ժամը 8:00-ի սահմաններում Չեչնիայի Աչխոյ-Մարտանովսկի շրջանում՝ Բամուտ բնակավայրի մոտ, անհայտ պայթուցիկ սարքի վրա պայթել է տեղի ոստիկանության աշխատակիցների ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, որում այդ պահին ՕՄՕՆ-ի չորս աշխատակից է եղել:
Պայթյունի հետևանքով մեկ ոստիկան մահացել է, երեքը՝ վիարվորվել:
Դեպքի վայրում քննչական խումբ է աշխատում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *