Այսօր` դեկտեմբերի 19-ի վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անականկալ այցելել է Արցախ: Օհանյանն այնտեղ հանդիպելու է Արցախի ղեկավարության և ՊԲ-ի հրամանատարության հետ: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչպես նշում է մամուլի քարտուղարը, հանդիպումների ժամանակ կքննարկվեն սահմանին տիրող իրավիճակին վերաբերվող հարցեր:
Լրացում․ Նախարար Օհանյանն Արցախում ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի ուղեկցությամբ տեղերում ծանոթացել է սահմանային իրադրությանը, հակառակորդի ոտնձգություններին՝ այսուհետ առավել նպատակային հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, հանդիպել հրամկազմի և ժամկետային զինծառայողների հետ: Հայտնում է ՊԲ կայքը։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ տեղեկացրել է, որ գիշերը չափազանց լարված է եղել հայ-ադրբեջանական սահմանին: «Կիրառվել են հրետանային միջոցներ, տանկեր, հետ են մղվել մի քանի դիվերսիոն գործողություններ»,— գրել է Հովհաննիսյանը:
Հավելենք նաև, որ այսօր` դեկտեմբերի 19-ին, Շվեյցարիայի Բեռն քաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները:
Նշենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում իրադրությունն առաջնագծում լարված է: Դեկտեմբերի 8-ին թշնամին կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ տանկով արկակոծել էր ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը, իսկ դեկտեմբերի 18-ի կեսօրին մոտ` հակառակորդը ՊԲ հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ դարձյալ կիրառել էր տանկ, իսկ այս տարվա սեպտեմբերին 25-ին դարձյալ առաջին անգամ կիրառել էր 122 մմ Դ-30 (30 արկ) հաուբից հրանոթ` հարվածելով թիկունքում պարապմունքներ անող զինծառայողներին:
Նկատենք նաև, որ վերջին շաբաթներին շփման գծում լարվածության մեծացումը, հնարավոր է, պայմանավորված է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմամբ: