ՆԱՏՕ-ն ընդլայնելու է Թուրքիայի` Սիրիայի հետ օդային սահմանների պաշտպանության հարցում տրամադրվող օգնությունը` մասնավորապես այդ երկրին տրամադրելով վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգեր (AEWAC): Այս մասին դեկտեմբերի 18-ին բրիտանական Reuters լրատվական գործակալության հետ հարցազրույցում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Վերջինս նշել է, որ տրամադրվող օգնությունն ուղված է Թուրքիային սպառնացող վտանգների չեզոքացմանը, որպեսզի հնարավորինս չկրկնվեն նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռի խոցման, Թուրքիայի օդային սահմանների խախտման նման միջադեպեր:
Նշենք, որ AWACS ռադիոտեղորոշման էլեկտրոնային համակարգերը նախատեսված են օդային մարտերի կառավարման, քաղաքացիական օդուժի շարժի կառավարման, հետախուզություն կատարելու համար։ Վերջիններիս գործողության շառավիղը շուրջ 400 կմ է: Համակարգերը կարող են տեղադրվել տարբեր ինքնաթիռների, ինչպես նաև ուղղաթիռների վրա:
Հավելենք, որ Թուրքիան ունի 4 միավոր` AWACS համակարգով համալրված Boeing 737 AEWAC ինքնաթիռներ, որոնցից վերջինը ստացել է 2015-ի դեկտեմբերի 9-ին:
Հիշեցնենք` դեկտեմբերի 15-ին տեղեկացանք, որ Իսպանիան որոշել է մեկ տարի ևս Թուրքիայում պահել իր 2 միավոր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը և սպասարկող 130-հոգանոց անձնակազմը: Համակարգերն օգտագործվում են Թուրքիայի` Սիրիայի և Իրաքի հետ օդային սահմանների պաշտպանության համար:
Դեկտեմբերի 16-ին էլ պարզ դարձավ, որ ԱՄՆ Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից դուրս է բերել ընդամենը մեկ ամիս առաջ այդ երկրի օդային սահմանների անվտանգությունն ապահովելու համար այնտեղ տեղակայած 12 միավոր F-15C կործանիչները:
Pingback: Գերմանիան AWACS համակարգով ինքնաթիռներ է տեղակայելու Թուրքիայում | Ռազմ.info
Pingback: ՆԱՏՕ-ի AWACS ինքնաթիռն արդեն պարեկային թռիչքներ է իրականացնում Թուրքիայում | Ռազմ.info