ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացրել է խորհրդակցություն, որի ժամանակ ամփոփվել են 2014-2015թթ. անցկացված Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետը, պաշտպանության և ֆինանսների նախարարները, այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև պաշտպանության նախարարության ղեկավարությունը և Զինված ուժերի հրամանատարական կազմը: Օրակարգի շրջանակներում քննարկվել են Զինված ուժերի 2016-2020թթ. զարգացման պլանն ու Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հնարավոր ռազմական գործողությունների վարման ձևերն ու եղանակները, Զինված ուժերի ղեկավարման համակարգն ու զարգացման հիմնական ուղղությունները, ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով Զինված ուժերի շարունակական համալրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Անդրադարձ է եղել Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման նախորդ՝ 2011-2015թթ. պետական ծրագրի իրագործմանը. արձանագրվել է, որ այն կատարվել է ամբողջությամբ:
Նախագահն ընդգծել է, որ հայկական բանակը գերժամանակակից տեխնիկայով լայնորեն համալրման գործընթացին համահունչ, անհրաժեշտ է նույնքան ուշադրություն դարձնել այդ տեխնիկայի օգտագործման մասնագիտական կարողությունների անընդհատ կատարելագործմանը:
Նախագահ Սարգսյանը հանձնարարություններ է տվել Պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման վերաբերյալ` սահմանելով պլանավորման ղեկավար փաստաթղթերի կատարման վերաբերյալ հաշվետվողականության ժամկետներն ու կարգը:
Պաշտպանության նախարարության ղեկավարությունը ՀՀ Նախագահին վստահեցրել է, որ զարգացման պլանի և սպառազինության ծրագրի իրականացումը, Զինված ուժերում նոր մոտեցումների ու սկզբունքների արմատավորումը թույլ կտան զգալիորեն ավելացնել բանակի մարտական կարողությունները, ապահովել ժամանակակից չափանիշներին համապատասխան զարգացումը՝ շարունակելով իրականացնել Հայաստանի հուսալի պաշտպանությունը:
Ավելացնենք, որ Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման նպատակն է բացահայտել Հայաստան սպառնացող առկա և հավանական սպառնալիքները՝ երկրի պաշտպանությունը և զորային կառույցը դրանց համապատասխան կառուցելու-փոփոխելու համար:
Pingback: Հայաստանը համաչափ տեղ է տալիս բոլոր զորատեսակների զարգացմանը, այդ թվում և ավիացիային. Օհանյան | Ռազմ.info
Pingback: ՀՀ ԱԺ-ում ընդունել են ՀՀ ՊՌՎ արդյունքների իրականացմանն օգնող օտարերկրյա մասնագետներին | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ մասնագետները ՀՀ ՊՆ-ում քննարկել են Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման հարցեր | Ռազմ.info
Pingback: Բրիտանացի մասնագետները ՀՀ ՊՆ-ում քննարկել են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի մասնագետները ՀՀ ՊՆ-ում քննարկել են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայումը | Ռազմ.info
Pingback: Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայմանը մասնակցած փորձագետներին | Ռազմ.info