Ռուսաստանում ակնկալում են, որ կործանիչների հնդկական մրցույթի արդյունքնեը կվերանայվեն

«Հնդկաստանի ՌՕՈՒ համար բազմաֆունկցիոնալ 126 կործանիչների գնման վերաբերյալ դեռ ոչինչ պարզ չէ»,- այս մասին «Ինտերֆաքս-ԱՎՆ» լրատվական գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնը։

Հիշեցնենք, որ Հնդկաստանը թեթև, բազմաֆունկցիոնալ կործանիչների խոշոր մրցույթ էր հայտարարել՝ ընդհանուր մոտ 20 մլրդ դոլար արժողությամբ։ Մրցույթին մասնակցում էր նաև ռուսական ՄիԳ-35 (ՄիԳ-29Մ2) կործանիչը, սակայն այն դուրս էր մնացել պայքարից, իսկ հաղթող էր ճանաչվել ֆրանսիական «Ռաֆալ» կործանիչը։

Ըստ Ձիրկալնի՝ ծրագրում ամեն ինչ դեռ պարզ չէ, քանի որ մրցույթի ավարտից արդեն բավական ժամանակ է անցել, սակայն հաղթող կողմի հետ պայմանագրերը դեռ կնքված չեն։ Նա նաև նշել է, որ թե հնդկական, թե ֆրանսիական կողմը գոհ չեն ձեռք բերված պայմանավորվածությունից, որոնք, ենթադրվում էր կամրագրվեն պայմանագրով: Ըստ Ձիրկալնի՝ խոսքն այստեղ առաջին հերթին վերաբերում է տեխնիկայի տրամադրման և գնային պայմաններին, որոնց շուրջ կողմերը չեն կարողացել փոխշահավետ լուծում գտնել։

Նշենք, որ Հնդկաստանը ռուսական կործանիչների խոշորագույն գնորդն է, սակայն դա առաջին հերթին վերաբերում է «Սուխոյ» ընկերության Սու-27 կործանիչների ընտանիքին. ներկայումս Հնդկաստանը և Ռուսաստանը այդ տիպի շուրջ 300 կործանիչների մատակարարման կամ Հնդկաստանում հավաքման պայմանագիր ունեն, որի մի մասն արդեն կատարվել է։ Ի տարբերություն «Սուխոյի»՝ «ՄիԳը» հետխորհրդային շրջանում այդքան էլ հաջողակ չի եղել ոչ ներքին՝ ռուսական, ոչ էլ արտաքին շուկայում և հնդկական մրցույթը ընկերության համար ճգնաժամից դուրս գալու շանս էր։ Եվ բնական է, որ Ռուսաստանում մեծ հույսեր են կապում մրցույթի արդյունքների վերանայաման հետ, սակայն մյուս կողմից դեռ նախորդ տարիներին մի շարք փորձագետներ, նկատի ունենալով Հնդկաստանի ձգտումը դիվերսիֆիկացնել սպառազինության մատակարարներին, ՄիԳ-35-ի շանսերը բավական ցածր էին գնահատել։

Կասկած չի կարող լինել նաև, որ պայմանագրից այդքան հեշտությամբ չի հրաժարվի նաև «Ռաֆալը»։ Արտաքին շուկայում բազմաթիվ ձախողումներից հետո, ֆրանսիական ընկերության համար հնդկական մրցույթում հաղթելը շատ կարևոր իրադարձություն էր և դրա արդյունքների վերանայումը կարող է վերջնական փակուղի մտցնել «Ռաֆալ» ծրագիրը։

Վյաչեսլավ Ձիրկալնն անդրադարձել է նաև ռուս-հնդկական ռազմական համագործակցության այլ ոլորտների։ Նա նշել է, որ իրագործման փուլում է Հնդկաստանի ՌՕՈՒ 56 ՄիԳ-29 կործանիչների արդիականացման ծրագիրը։ Արդեն արդիկանացվել է 6 ինքնաթիռ, որոնք ներկայումս փորձարկման փուլում են և առաջիկայում կհանձնվեն հնդկական կողմին։ Միաժամանակ ռուսական ընկերություններում իրականացվում է ինքաթիռների արդիկանցման ոլորտում հնդիկ մասնագետների ուսուցում:

ՌՏՀ ծառայության փոխտնօրենը բավական զուսպ է արտահայտվել Հնդկաստանում շուրջ հազար Տ-90Ս տանկերի արտադրության ծրագրի հեռանկարների վերաբերյալ: Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված կլինի հնդկական կողմի որոշումից, քանի որ Հնդկաստանը սեփական տանկերն է արտադրում: Կախված այդ ծրագրի հաջողությունից՝ կկայացվի համապատասխան որոշում:

Նշենք, որ ռուս-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությունն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ. ինքնաթիռաշինություն, հրթիռաշինություն, տանկաշինություն, նավաշինություն և այլն։ Հնդկաստանը նաև ռուսական 5-րդ սերնդի «ՊԱԿ-ՖԱ» կործանիչի առաջին օտարերկրյա պատվիրատուն է և համաֆինանսավորողը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *