ԱՄՆ-ն դուրս է բերել Թուրքիայում տեղակայած F-15C կործանիչները

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ դեկտեմբերի 16-ից Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից դուրս են բերում ընդամենը մեկ ամիս առաջ այդ երկրի օդային սահմանների անվտանգությունն ապահովելու համար այնտեղ տեղակայած 12 միավոր F-15C կործանիչները: Այս մասին հայտնի է դառնում դեկտեմբերի 15-ին ԱՄՆ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում կատարված գրառումից, որը տեղ է գտել նաև «Ինջիրլիք» ռազմաբազայի ամերիկյան հրամանատարության կայքում:

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15C կործանիչն «Ինջիրլիք» ռազմաբազայում

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15C կործանիչն «Ինջիրլիք» ռազմաբազայում

Կործանիչները վերադարձվել են իրենց մշտական տեղակայման վայր` Մեծ Բրիտանիայում ամերիկյան ռազմաօդային ուժերի 493-րդ ավիաբազա:

Բրիտանական Reuters լրատվական գործակալությունը` փոխանցելով ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցչի հայտարարությունը, նշում է, որ ամերիկյան կործանիչներն արդեն իրականացրել էին իրենց առաքելությունը, ինչի պատճառով էլ դուրս են բերվել Թուրքիայից:

Ներկայումս Թուրքիայի օդային սահմանների պաշտպանության, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար «Ինջիրլիք» ռազմաբազայում շարունակում են տեղակայված մնալ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև 12 միավոր A-10 գրոհիչներ:

Հավելենք, որ կործանիչները դուրս են բերվել ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերի` դեկտեմբերի 15-ին «Ինջիրլիք» ռազմաբազա այցելությունից հետո:

2015-ի հոկտեմբերին, ԱՄՆ-ն Թուրքիայից դուրս էր բերել 2013-ից այդ երկրում տեղակայված Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը։ Առավել վաղ Գերմանիան էր հայտարարել, որ 2016-ի հունվարին դուրս է բերելու Patriot ՀՕՊ համակարգերն ու դրանց անձնակազմերը Թուրքիայից:

Սակայն ՀՕՊ համակարգերի դուրսբերումից հետո Թուրքիայի օդային սահմանների պաշտպանությունն ապահովելու համար ԱՄՆ-ն նոյեմբերին «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղակայել էր F-15C կործանիչներ:

One response to “ԱՄՆ-ն դուրս է բերել Թուրքիայում տեղակայած F-15C կործանիչները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 13 – 19 դեկտեմբեր, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *