ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 14-ին զանգահարել է Թուրքիայի վարչապետին, իսկ 16-ին` Իրաքի վարչապետին` վերահաստատելով ԱՄՆ-ի դիրքորոշումը թուրքական ստորաբաժանումներն Իրաքից դուրս բերելու հարցում: Այս մասին հայտնում է ԱՄՆ Ապիտակ տան մամուլի ծառայությունը:
Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ Թուրքիան Իրաքի տարածք զորք է մտցրել առանց այդ երկրի կառավարության հետ համաձայնեցնելու, այդ իսկ պատճառով Թուրքիան պետք է հարգի Իրաքի ինքնիշխանությունն ու դուրս բերի զորքերը:
Ջո Բայդենն ընգծել է, որ Իրաքի տարածքում որևէ երկիր չի կարող զինուժ տեղակայել` առանց այդ երկրի ղեկավարության համաձայնության:
Հավելենք, որ երեկ` դեկտեմբերի 16-ին, Իրաքի այցի շրջանակներում այդ երկրի վաչապետին էր հանդիպել ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը: Վերջինս ընդգծել էր, որ ԱՄՆ-ն հարգում է Իրաքի ինքնիշխանությանը, ինչպես նաև պատրաստ է շարունակել օժանդակությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում` ներառյալ Իրաքի կառավարակուն ուժերի մարզումներն ու սպառազինությամբ ապահովումը:
Հավելենք, որ դեկտեմբերի 4-ին Թուրքիան շուրջ 150-հոգանոց հատուկջոկատայինների գումարտակ էր մտցրել Իրաքի տարածք՝ Իրաքյան Քրդստանի ստորաբաժանումները մարզելու պատրվակով։ Դեկտեմբերի 5-ին, Իրաքի կառավարությունը հայտարարել էր , որ Թուրքիան պետք է անմիջապես զորքերը դուրս բերի իրենց երկրի տարածքից, հակառակ դեպքում ապա իրենք հակաքայլեր կձեռնարկեն։
Դեկտեմբերի 10-ին, Իրաք էին այցելել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության պետը և փոխարտգործնախարարը: Վերջիններիս հետ հանդիպումից հետո Իրաքի վարչապետն արտգործնախարարությանը հրահանգել էր թուրքական զորքերի դուրսբերման հարցով դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ինչի նպատակով ԱԽ-ին նամակ էր հղել նաև ՄԱԿ-ում Իրաքի մշտական դեսպանը: