Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն՝ Բեռն քաղաք, որտեղ դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, տեղեկացնում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքը։
Հավելենք, որ Սարգսյան-Ալիև նախորդ հանդիպումը հանդիպումը կայացել է 2014-ի հոկտեմբերի 27-ին՝ Փարիզի Մարինյի պալատում։
Հիշեցնենք նաև, որ վերջին շրջանում իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին լարված է։ Դեկտեմբերի 8-ին թշնամին կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ տանկով արկակոծել էր ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը, իսկ սեպտեմբերին 25-ին դարձյալ առաջին անգամ կիրառել էր 122 մմ Դ-30 (30 արկ) հաուբից հրանոթ։
Հայկական կողմն Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին մշտապես իրազեկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին, միջազգային այլ կազմակերպությունների՝ զգուշացնելով, որ ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: