Դեկտեմբերի 16-ին Հայաստան կատարած այցի շրջանակներում Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, քննարկվել են երկկողմ ռազմական հարաբերությունները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցությունը՝ բարձր գնահատելով ներկայիս մակարդակը և պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտներում, ինչպիսիք են ռազմական կրթությունը, խաղաղապահ և հատուկ նշանակության ուժերի պատրաստությունը, ռազմական տեխնիկայի պահպանման և շահագործման ուղղությամբ փորձի փոխանակումը և այլն:
Ռազմատեխնիկական բնագառավում համագործակցության շրջանակներում նախարարները առաջարկել են նախաձեռնել իրավապայմանագրային դաշտի արդիականացում, ինչը նոր խթան կհանդիսանա այս ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար:
Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
Սեյրան Օհանյանից բացի, Հունաստանի պաշտպանության նախարարին այսօր ընդունել է նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպման ընթացքում Հունաստանի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ իր երկիրը բարձր է գնահատում փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-հունական միջպետական փոխհարաբերությունները, հավելելով, որ Հունաստանը հետաքրքրված է ՀՀ հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ և ամրապնդմամբ։
Նախարար Նալբանդյանը Պանայոտիս Կամենոսին ներկայացրել է Արցախի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը, ինչպես նաև ադրբեջանական կողմի շարունակական սադրանքների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։
Դեկտեմբերի 17-ին Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսին ընդունել են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Հիշեցնեն, որ նոյեմբերի 30-ին Հունաստան էր այցելել ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում ստորագրվել էր Հայաստանի պաշտպանության նախարարության և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության 2016 թվականի ծրագիրը:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 13 – 19 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info
Pingback: Հայաստանը Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կկնքի | Ռազմ.info