Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, համապատասխան հրամանագրով լուծարել է երկրի ազգային անվտանգության նախարարությունն ու դրա հիմքի վրա ստեղծել 2 նոր կառույց՝ պետական անվտանգության ծառայությունը և արտաքին հետախուզության ծառայությունը։
Ալիևն այսօր ևս 2 հրամանագիր է ստորագրել՝ նորաստեղծ կառույցներից առաջինի՝ ազգային անվտանգության ծառայության ղեկավար նշանակելով նախկին ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ, հոկտեմբերի 20-ից նաև նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևին։
Ալիևի մեկ այլ հրամանագրով՝ Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարումը ստանձնել է Օրխան Սուլթանովը, ում աշխատանքային անցյալից տեղեկություններ գրեթե չկան: Ադրբեջանական Haqqin լրատավական կայքը միայն նշում է, որ վերջինս 2007-2011թթ. աշխատել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատանը։
Հավելենք, որ ազգային անվտանգության նախարարությունը լուծարելու վերաբերյալ հրամանագրում նշված է՝ փոփոխությունը միտված է համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԱՆ համակարգը հոկտեմբերի 17-ից, կարելի է ասել, ճգնաժամի մեջ էր։ Այդ օրը երկրի նախագահի հրամանով պաշտոնից ազատվեց գերատեսչության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլդար Մահմուդովը, ինչին հաջորդեցին գլխավոր դատախազության ու պետական պահպանության հատուկ ծառայությանը ստուգումները, որոնք, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների պնդմամբ, պայմանավորված էին հանցավոր-տնտեսական գործոնով։ Ստուգումներին հաջորդեցին համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններ: