Թուրքական ուժայինները Շրնաքում մեծ ուժեր են կենտրոնացնում

Թուրքիայի հարավային Շրնաք նահանգում փողոց դուրս գալու արգելք սահմանելուն ընդառաջ դեկտեմբերի 13-ի առավոտից հատուկ նշանակության ստորաբաժանումներ, զրահամեքենաներ են տեղակայվում այդ նահանգի Սիլոփի և Ջիզրե գավառներում: Այս մասին հայտնում է թուրքական «Դունյա բյուլթենի» պարբերականի կայքը:

Թուրքական ուժայիններին և ռազմատեխնիկա տեղափոխող շարասյուն

Թուրքական ուժայիններին և ռազմատեխնիկա տեղափոխող շարասյուն

Թուրքական ոստիկանության և ժանդարմերիայի հատուկջոկատայինները նախ ինքնաթիռով տեղափոխվել են Շրնաք քաղաքի օդանավակայան, ապա զրահամեքենաներով ուղարկվել Սիլոփի և Ջիզրե գավառներ: Նշվում է, որ Շրնաքում ուժայինների համալրումը սկսվել դեռևս 10 օր առաջ:

Ուժերի տեղաբաշխումն ավարտելուց հետո նախատեսվում է այդ գավառներում պարեկային իրավիճակ հայտարարել և մեծ ուժերով քուրդ գրոհայինների չեզոքացմանն ուղված գործողություններ սկսել:

Նշենք նաև, որ թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալության տեղեկության համաձայն` Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում դեռևս շարունակվում են ուժգին բախումները Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների և թուրքական ոստիկանության հատուկջոկատայինների միջև: Մասնավորապես դեկտեմբերի 13-ին բախումների արդյունքում վիրավորվել է երկու ոստիկան:

Հավելենք, որ թուրքական «Դողան» լրատվական գործակալությունն առավել վաղ հաղորդել էր, որ Սուր գավառում քուրդ զինյալները կրակել են թուրքական ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է մեկ, վիրավորվել՝ ևս մեկ հատուկջոկատային։

Հիշեցնենք, որ թուրք-քրդական բախումները սաստկացել են այն ժամանակ, երբ 2015-ի հուլիսի 23-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների արձակած կրակոցների հետևանքով զոհվել էր Թուրքիայի ԶՈւ 1 ենթասպա, ևս 4 զինծառայողներ վիրավորվել էին:

Այս դեպքից հետո թուրքական կառավարությունը կարճ ժամանակով գործողություններ սկսեց ԻՊ-ի դեմ, միաժամանակ իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով անմիջապես անցավ քրդերի դեմ պայքարին` ավիահարվածներ հասցնելով Իրաքում PKK-ի դիրքերին, ինչպես նաև գործողություններ սկսելով Թուրքիայի ներսում:

One response to “Թուրքական ուժայինները Շրնաքում մեծ ուժեր են կենտրոնացնում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 13 – 19 դեկտեմբեր, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *