Թուրքական ձկնորսանավի նավապետը հերքել է ՌԴ պահակային նավի` նախազգուշացնող կրակ արձակելու լուրը

Թուրքական ձկնորսական նավի նավապետը հերքել է ՌԴ պաշտպանության նախարարության լուրն այն մասին, որ երեկ` դեկտեմբերի 13-ին, թուրքական նավի հետ բախումից խուսափելու համար իրենց պարեկանավից նախազգուշացնող կրակ է արձակվել ձկնորսանավի ուղղությամբ` անվտանգ տարածությունից: Թուրքական նավի նավապետն այս մասին հայտնել է թուրքական «Դողան» լրատվական գործակալության հետ հարցազրույցում, որի տեսանյութը ներկայացնում ենք ստորև:

Թուրքական «Գեչիջիլեր բալըքչըլըք» ձկնորսանավը

Թուրքական «Գեչիջիլեր բալըքչըլըք» ձկնորսանավը

Թուրքական ձկնորսական նավի նավապետը հայտնել է, որ իրենք անցել են ռուսաստանյան նավից մեկ ծովային մղոն (շուրջ 1850 մ) հեռավորության վրա` անգամ չնկատելով, որ այդ նավը հենց ռուսաստանյան է` այն ընդունելով ՆԱՏՕ-ի նավի տեղ:

Թուրք նավապետի պնդումներով` իրենք որևէ կրակոցի ձայն չեն լսել, բացի այդ նաև կա տեսագրություն, որն արդեն հանձնել են Թուրքիայի առափնյա անվտանգության հրամանատարության համապատասխան մարմիններին:

Դեկտեմբերի 13-ին ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը միջադեպի հետ կապված նախարարություն էր կանչել Ռուսաստանում Թուրքիայի դեսպանության ռազմական կցորդ, կոնտր-ադմիրալ Ահմեթ Գյունեշին:

Վերջինիս հետ զրույցում Անտոնովը հայտնել էր, որ Էգեյան ծովում թուրքական ձկնորսական նավը վտանգավոր հեռավորության վրա մոտեցել է ռուսաստանյան պարեկանավին` չլսելով ռադիոկապով արված զգուշացումները: Բախումից խուսափելու նպատակով ռուսաստանյան «Սմետլիվի» պարեկանավից հրազենային զենքով նախազգուշացնող կրակ է արձակվել, ինչից հետո միայն թուրքական նավը փոխել է ուղղությունը:

Միջադեպի հետ կապված հայտարարություն էր տարածել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն` նշելով, որ թուրքական կողմը լսել է ռուսաստանյան կողմի պնդումները, սակայն հայտարարություն կանի միայն ձկնորսանավի նավապետի հարցաքննումից հետո:

Նկատենք, որ նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին ռուսաստանյան Սու-24Մ ռմբոկոծիչի խոցումից հետո բավականին լարվել են ռուս-թուրքական հարաբերությունները, ինչն անդրադարձել է նաև երկու երկրների ծովային սահմաններում, ինչպես նաև թուրքական նեղուցներով անցնող նավերի վտանգավոր բախումների հնարավորությունների, իրար շատ մոտ անցնելու, մեկը մյուսի համար վտանգ ներկայացնելու մասին տեղեկությունների տարածման վրա, ինչը պարզ նկատելի է վերջին շրջանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *