Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբն իր ենթակայության տակ գտնվող զինծառայողներին արգելել է արձակուրդը Ռուսաստանի տարածքում անցկացնել: Այս մասին դեկտեմբերի 13-ին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Մասնավորապես նշվում է, որ նոյեմբերին ռուսաստանյան ինքնաթիռի միջադեպից հետո Թուրքիայի ուժային կառույցները անվտանգության հավելյալ միջոցառումներ են սկսել կիրառել: Այդ շրջանակներում զինված ուժերի գլխավոր շտաբը գրավոր հրաման է ուղարկել ԶՈւ բոլոր ստորաբաժանումների հրամանատարներին` արգելելով զինծառայողներին հանգիստն անցկացնել Ռուսաստանի տարածքում:
Հավելենք, որ Թուրքիայի ԶՈւ կանոնադրության համաձայն` զինծառայողների արձակուրդների դիմումներն ամեն դեպքում պետք է հաստատվեն գլխավոր շտաբի, պաշտպանության նախարարության և ազգային հետախուզական ծառայության կողմից, ինչը ենթադրում է, որ այդ մակարդակում Ռուսաստան մեկնելու դիմումները կարող էին չհաստատվել: Սակայն թուրքական կողմը նախընտրել է գրավոր հրամանով հատուկ արգելք դնել Ռուսաստան այցելության վրա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել էր ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ դիրքերին։ Թուրքիային անհանգստացնում էին իրեն սահմանակից սիրիական շրջաններում ՌԴ օդուժի գործողությունները, քանի որ այդ շրջաններն Անկարան համարում է իր ազդեցության գոտին` օգտագործելով նաև այդտեղ ապրող թյուրքական ազգություններին` այսպես կոչված «Սիրիայի թուրքմեններին»:
Թուրքիան մի քանի անգամ դժգոհել էր ՌԴ օդուժի կողմից իր սահմանը հատելու համար: Իսկ նոյեմբերի 24-ին Սիրիայի՝ Թուրքիայի հետ սահմանամերձ հատվածում խոցեց Ռուսաստանի զինված ուժերի Սու-24Մ ռմբակոծիչը, ինչը բերեց երկու երկրների հարաբերությունների սրմանը և անվտանգության հավելյալ միջոցառումների, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ մի շարք տնտեսական պատժամիջոցների սահմանմանը: