Սիրիայում սպանվել է ևս մեկ իրանցի բարձրաստիճան սպա

Սիրիայում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բրիգադային գեներալ Հոսսեին Ֆադային, ում ծառայակիցները ճանաչում էին «Զալֆաքար» կեղծանվամբ։ Ինչպես հաղորդում է իրական «Ֆարս» լրատվական գործակալությունը, Ֆադային Սիրիայի կառավարական բանակի համար խորհրդատվություն իրականացնող «Ֆաթամիյուն» իրանական բրիգադի հրամանատարներից էր։

Սիրիայում սպանված իրանցի բրիգադի գեներալ Հոսսեին Ֆադային։ Նկարը՝ «Ֆարս» լրատվական գործակալությունից

Սիրիայում սպանված իրանցի բրիգադի գեներալ Հոսսեին Ֆադային։ Նկարը՝ «Ֆարս» լրատվական գործակալությունից

Նշենք, որ այս տարի միայն հոկտեմբերին Սիրիայում սպանվել է իրանցի առնվազն 2 գեներալ և 2 գնդապետ։

Հավելենք, որ թեև Իրանը համարվում է Սիրիայի ներկայիս կառավարության դաշնակիցներից մեկը, իրանական իշխանությունները մշտապես հերքում են իրենց ռազմական ներկայությունն այդ երկրում և շեշտում, որ միայն խորհրդատվություն են իրականացնում։ Այն հարցին, թե այդ դեպքում ինչպես է ստացվում, որ իրանցի բարձրաստիճան սպաներ են սպանվում Սիրիայում, ԻՀՊԿ հանրային կապերի ղեկավար, գեներալ Ռամեզան Շարիֆը, մեկնաբանելով հոկտեմբերին զոհված իրանցի գեներալներից մեկի մահվան լուրը, հայտնել է՝ Իրանը Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ ու իրանական կողմը Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ, որոնք էլ բարձրաստիճան սպաներ են:

Հիշեցնենք, որ 2011-ի գարնանից քաղաքացիական պատերազմի մեջ հայտնված Սիրիան դարձել է նաև հակաահաբեկչական պայքարի ամենաակտիվ թատերաբեմը։ Տարածաշրջանում գլուխ բարձրացրած և 2014-ի հուլիսից ռազմավարական նշանակության մի շարք տարածքներ վերահսկողության տակ վերցրած «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն իր վրա է կենտրոնացրել ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի մի շարք պետությունների ուշադրությունը։

2014-ի սեպտեմբերից ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական միջազգային կոալիցիայի շրջանակներում ԻՊ-ին, ինչպես նաև Սիրիայում գործող մի շարք այլ ահաբեկչական կառույցների դիրքերին ավիահարվածներ են հասցնում տասնյակ պետություններ։ Իսկ սեպտեմբերի 30-ից Սիրիայում ԻՊ դիրքերին կետային ավիահարվածներ է հասցնում նաև Ռուսաստանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *