Նախորդ շաբաթ Պաշտպանության բանակի առանձին տանկային բրիգադներից մեկը ներգրավվել է գումարտակային մարտավարական զորավարժությանը, որի եզրափակիչ՝ մարտական հրաձգության փուլին հետևել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը։ Այս մասին հայտարարվել է ՊԲ մամուլի ծառայության «Գոյամարտ» հեռուստածրագրի՝ դեկտեմբերի 12-ի թողարկման ժամանակ։
Ուժեղացված տանկային գումարտակն իրականացրել է խորքում պաշտպանվող հակառակորդի վրա ընթացքից հարձակման, առաջին շարակարգի ստորաբաժանումների հետ հակառակորդի հակագրոհի հետ մղման գործողություններ։
Այնուհետ Պաշտպանության բանակի տանկիստները զարգացրել են հարձակումը, ջախջախել խորքում պաշտպանվող թշնամական ուժերը և նպաստավոր բնագիծ զբաղեցնելուց հետո անցել պաշտպանության։
Զորավարժության ընթացքում կատարելագործվել են հրամկազմի և շտաբների մարտի տարբեր տեսակներում ենթակա և տրված ստորաբաժանումների ղեկավարման, փոխգործակցության կազմակերպման, կրակի կառավարման գործնական ունակությունները։
«Զորավարժության թեման ընտրվել է այնպիսին, որպեսզի պատերազմական ժամանակաշրջանին մոտ դրվագներ խաղարկվեն, — տեղեկացրել է զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը, — Անձնակազմերը ցուցաբերել են բարձր կրակային խոցում և իրենց տրված խնդիրները կատարել են լրիվությամբ, գերազանց»։
Զորավարժությունն արդյունավետ է եղել նաև ստորաբաժանումների ներդաշնակման աստիճանի բարձրացման, դաշտային վարժվածության տեսանկյունից։ Բոլոր այն դրվագները, որոնք խաղարկվել են զորավարժության ընթացքում, լիովին կիրառելի են նաև իրական մարտական գործողությունների դեպքում։
«Զորավարժությունը տալիս է նախ մարտական գործողությունների պլանավորման գործնական հմտություններ, ինչպես նաև բարձրացնում է անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, — նշել է գումարտակի հրամանատար Գարիկ Մինասյանը, — Զորավարժությունն անցկացվել է բարձր մակարդակով, և համոզված եմ՝ հարկ եղած դեպքում [խաղարկված գործողությունները] կարող ենք կիրառել իրական հակառակորդի հանդեպ»։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 13 – 19 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info