16:22 Երեկ՝ օգոստոսի 23-ին, ԱՄՆ հետախուզության աշխատակիցներն ու զինվորականներն Անկարայում հանդիպել են իրենց թուրք գործընկերների հետ: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորել է բարձրաստիճան դիվանագետ Էլիզաբեթ Ջոնսը: Լոս Անջելոս Թայմս լրատվական գործակալությունը հաղորդվում է, որ հանդիպման նպատակն էր հավաստիացնելու Թուրքիային, որ Միացյալ Նահանգները կօգնեն կանխել սիրիական հակամարտության պատճառով ՆԱՏՕ-ի իր դաշնակցի սահմանամերձ շրջանների հնարավոր ապակայունացումը։
Ըստ Լոս Անջելոս Թայմսի՝ ամերիկացիները պլան ունեն հատուկ ջոկատներ ուղարկել Սիրիա քիմիական զենքերի պահեստները ոչնչացնելու համար, եթե այդ զենքի՝ ծայրահեղական խմբերի ձեռքն ընկնելու վտանգ առաջանա:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովն ասել է, որ Սիրիան Ռուսաստանին երաշխավորել է, որ քիմիական զենք չի օգտագործվելու կամ տեղափոխելու:
16:11 Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լեդրիանը «Ֆրանս”24» հեռուստակայանին հայտնել է, որ Սիրիայի ամբողջ օդային տարածքը «ոչ թռիչքային» դարձնելը հավասարազոր կլինի Սիրիայի դեմ պատերազմ սկսելուն և դա անելու համար պահաջվում է միջազգային համաձայնություն, ինչը դեռ գոյություն չունի: Նա նաև նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է մասնակցել ամբողջական «ոչ թռիչքային» գոտու ստեղծմանը, միայն եթե ՄԱԿ-ը դա թույլատրի:
Միաժամանակ Լեդրիանն ասել է, որ թուրք-սիրիական սահմանից մինչև Հալեպ ընկած հատվածում «ոչ թռիչքային» գոտու ստեղծման հարցն արժի քննարկել: Այսպիսի գոտու ստեղծումը առաջին անգամ առաջարկել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ օգոստոսի 11-ին Անկարայում: