Ինքնասպանության փորձ արած ժամկետային զինծառայողի գործով ձերբակալվել է 3 հոգի

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռազմիկ Նվերի Աբրահամյանն ինքնասպանության փորձ է արել։ Կրծքավանդակի ձախ հատվածի հրազենային վնասվածքով նույն օրը զինծառայողը տեղափոխվել է «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ, այնուհետև՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ժամկետային զինծառայողի ինքնասպանության փորձ կատարելու հանգամանքները, պատճառները, և դեկտեմբերի 10-ին 3 անձ ձերբակալվել է։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 9-ին Աբրահամյանը մտել է զորամասի հետախուզական վաշտի պահեստանոց, վերցրել պահեստանոցում գտնվող հետախուզական վաշտի դասակի հրամանատար, լեյտենանտ Հ.Եղիազարյանին պատկանող ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգը, նույն սենյակում գտնվող զրահաբաճկոնների համար նախատեսված պայուսակից հանել 1 հատ 5.45 տրամաչափի փամփուշտ, լիցքավորել ինքնաձիգը և կրակել իր վրա։

Զինծառայողի հագուստների զննելուց հետո գրպանից հայտնաբերվել է նամակ՝ ուղղված իր հայրիկին, որում նշված է, որ իրեն ինքնասպանության են դրդել համածառայակիցները:

ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ՝ Ա.Կարապետյանը, Ս.Մելքոնյանը և Վ.Տեր-Վարդանյանը ձերբակալվել են:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ հանցագործության փաստական հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:

Լրացում. ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են զինծառայող Ռ. Աբրահամյանի ինքնասպանության փորձ կատարելու հանգամանքները, շարժառիթը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 3 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 3 ժամկետային զինծառայող ներգրավվել է որպես մեղադրյալ:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ կրտսեր սերժանտ Վ. Տեր-Վարդանյանը, շարքայիններ Ա. Կարապետյանի և Ս. Մելքոնյանի հետ միասին, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները նրանց միջև ստորադասության բացակայության դեպքում, 2015 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 9-ը, պարբերաբար ծաղրուծանակի են ենթարկել շարքային Ռ. Աբրահամյանին՝ ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը, որի հետևանքով նա դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, ինքնասպանության փորձ է կատարել:

Մասնավորապես` ինքնաձիգից կրակոց է արձակել իր կրծքավանդակի ուղղությամբ՝ իր կրծքավանդակի ձախ շրջանում պատճառելով հրազենային վնասվածք:

Ռ. Աբրահամյանի հագուստների զննությամբ գրպանից հայտնաբերվել է նամակ՝ ուղղված իր հայրիկին, որում նշված է, որ իրեն ինքնասպանության են դրդել համածառայակիցները:

Զինծառայողի ինքնասպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վ. Տեր-Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 38-358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, 359-րդ հոդվածի 3-րդ մասով:

Ս.Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 359-րդ հոդվածի 3-րդ մասով:

Ա. Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 38-358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 359-րդ հոդվածի-րդ 3 մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ կատարված հանցագործությունների բոլոր փաստական հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *