[Լրացված] Շփման գծում ծառայածների ստաժը կհաշվարկվի կրկնակի. ԱԺ-ն օրենքն ընդունել է առաջին ընթերցմամբ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ, 100 կողմ (0 դեմ, 0 ձեռնպահ) ձայներով ընդունել է ««Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որ ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Զինվորականների ընտանիք Հաղթանակի զբոսայգում

Զինվորականների ընտանիք Հաղթանակի զբոսայգում

Լրացում. դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովը 90 կողմ (0 դեմ, 4 ձեռնպահ) ձայներով օրենքի նախագիծն ընդունել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

Օրենքի ընդունման պարագայում հակառակորդի հետ անմիջական շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի ստաժը կհաշվարկվի կրկնակի: Նախատեսում է շփման գծում ծառայող և 2016թ. հունվարի 1-ից հետո երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակի իրավունք ստացող սպաների, ենթասպաների և պայմանագրային շարքայինների համար ստաժ հաշվարկելիս մարտական հերթապահությունում անցկացրած ժամկետը հաշվարկել կրկնակի դրույքով:

Ընդ որում՝ ըստ խորհրդարանում օրենքի նախագծով զեկուցող, ՀՀ ՊՆ տեղակալ Արա Նազարյանի, իրենք նախատեսում են 1-ինից 2-րդ ընթերցում ժամանակահատվածում զիծառայողների կազմում ավելացնել նաև ժամկետայիններին, ինչից հետո երկարամյա ծառայության կենսաթոշակի ստաժի կրկնապատկման պայմանը կտարածվի բոլոր զինծառայողների վրա:

(Օրենքը վերջնականապես ընդունվում է ԱԺ երրորդ ընթերցմամբ և ստորագրվում է նախագահի կողմից, ինչից հետո այն մտնում է ուժի մեջ):

Օրենքի նախագիծը ներկայացնող պաշտպանության նախարարությունն այս նախագիծը հիմնավորում է նրանով, որ ներկայում առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի համար Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված չեն նշանակալի արտոնություններ: Այսպիսով, օրենքի ընդունումը մի կողմից կնպաստի նշված զինծառայողների սոցիալական պաշտպանության մակարդակը բարձրացնելուն, մյուս կողմից կնպաստի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում հատկապես պայմանագրայինների համալրմանը:

Նշենք, որ մինչ այս նախագիծը «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 31-րդ հոդվածով արդեն որոշակի արտոնություններ սահմանված էին զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու, այլ երկրներում զինծառայության ժամկետների համար (եռակի դրույքաչափ), ինչպես նաև ԶՈւ օդաչուների ծառայության, զինծառայողների գերության, 2500 մետր և ավելի բարձրության բարձրլեռնային վայրերում զինծառայության ժամանակահատվածների համար (կրկնակի դրույքաչափ) և նմանատիպ այլ դեպքերում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *