Գերմանիան «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի համար առաջին երկու հետախուզական, ինչպես նաև ևս երկու բեռնատար ինքնաթիռները տեղակայել է Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայում: Այս մասին դեկտեմբերի 10-ին, հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Նախատեսված 6 միավոր Tornado հետախուզական ինքնաթիռներից մյուս 2-ը Գերմանիայից Թուրքիա կուղարկվեն 2016-ի հունվարին, իսկ մնացածի ուղարկման ժամկետները դեռևս հայտնի չեն:
Երկու միավոր Tornado հետախուզական ինքնաթիռների հետ «Ինջիրլիքում» տեղակայվել են նաև Գերմանիայի ԶՈւ A-400M և A-310 բեռնատար ինքնաթիռներ: Առաջինը տեղափոխել է շուրջ 40-հոգանոց անձնակազմ և զինամթերք, իսկ երկրորդը նախատեսվում է օգտագործել օդում լիցքավորում կատարելու համար:
Թուրքական «Միլլիեթ» պարբերականի կայքն իր հերթին հայտնում է, որ գերմանական ինքնաթիռների տեղակայման հետ միաժամանակ դեկտեմբերի 10-ին մեծ «աշխուժություն» է նկատվել «Ինջիրլիք» ռազմաբազայում: Մասնավորապես հաճախակի թռիչքներ և վայրէջք են կատարել ԱՄՆ օդուժի A-10 և F-15E ռմբակոծիչները, ինչպես նաև Թուրքիայի ԶՈւ F-16 կործանիչներ:
Հիշեցնենք` դեկտեմբերի սկզբին Գերմանիայի զինված ուժերի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ Գերմանիան նախատեսում է մեկ տարի ժամկետով 1200 զինվորականներ, 6 Tornado հետախուզական ինքնաթիռ, նաև մեկ տրանսպորտա-լիցքավորող ինքնաթիռ ներգրավել ԻՊ դեմ պայքարում, ինչպես նաև մեկ ֆրեգատ` ֆրանսիական «Շարլ դը Գոլ» ավիակրի պաշտպանության համար: Նշված ինքնաթիռները պետք է տեղակայվեին Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայում, ինչի համար ստացել էին Թուրքիայի թույլտվությունը: