Չեչնիայից 500 նորակոչիկ արդեն համալրել է Ռուսաստանի զինված ուժերը։ Նրանք ծառայելու են ՌԴ պաշտպանության նախարարության, ներքին զորքերի, ռազմածովային ուժերի՝ հարավում տեղակայված ստորաբաժանումներում։ Նորակոչիկների առաջին խումբն արդեն զինվորական երդում է տվել Սևաստոպոլում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, տեղեկացնում է «Կովկասյան հանգույց» լրատվակայքը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, չեչեն զորակոչիկները հիմնականում ծառայելու են Ռոստովի և Վոլգոգրադի մարզում, Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասում, ինչպես նաև Ղրիմում, Սևաստոպոլում և Նովոռոսիսկում։
Նշենք, որ սա արդեն 2-րդ տարին է, ինչ ռուսաստանյան զինված ուժերը 2 տասնամյակ ընդմիջումից հետո համալրում են Չեչնիայի երիտասարդները։
Մինչև 2014 թվականը Չեչնիայից վերջին ամբողջական զորակոչն իրականացվել էր 1990-ական թվականներին. այնտեղ ռազմական գործողությունների սկսելուց հետո որոշում ընդունվեց այն ամբողջապես դադարեցնել։ Մինչև 2014 թվականը չեչենները ծառայություն էին անցնում ՌԴ ներքին գործերի նախարարության ստորաբաժանումներում։
2014-ի օգոստոսին Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը դժգոհել էր, որ Չեչնիայից ՌԴ զինված ուժեր զորակոչ չի իրականացվում։
«Չեչենները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են և ոչ ոք իրավունք չունի նրանց զրկել հայրենիքը պաշտպանելու իրավունքից», — ասել էր Կադիրովը։ Քննարկելով հարցը՝ նույն թվականի սեպտեմբերի 19-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն որոշում ընդունեց, որ այսուհետ բանակ կզորակոչվեն նաև Չեչնիայից։
Հավելենք, որ ՌԴ-ն իր բանակը համալրում է խառը սկզբունքով, այսինքն՝ ինչպես պարտադիր զորակոչով, այնպես էլ պայմանագրային հիմունքներով։ Պարտադիր զինվորական ծառայությունը 1 տարի է, զորակոչվում են 18-27 տարեկան երիտասարդները։