Իրաքը խնդրում է ՆԱՏՕ-ի օգնությունը՝ թուրքական զորքերը դուրս բերելու համար

Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում խնդրել է կառույցի դիվանագիտական խողովակներով Թուրքիային ստիպել դուրս բերել զորքերն Իրաքի տարածքից։ Այս մասին դեկտեմբերի 8-ին հայտնում է Իրաքի կառավարության կայքը։

Քրդական անվտանգության ուժերի և Իրաքի զինված ուժերի զինվորները Բաղդադի հյուսիսում: Աղբյուր՝ REUTERS

Քրդական անվտանգության ուժերի և Իրաքի զինված ուժերի զինծառայողները Բաղդադի հյուսիսում

Իրաքի վարչապետը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերիգի հետ զրույցում մեկ անգամ ևս ընդգծել է, որ Թուրքիան ստորաբաժանումներն Իրաք է մտցրել՝ առանց այդ երկրի համաձայնությունը ստանալու։

Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարարությունը երեկ հայտարարություն էր տարածել՝ մեկ անգամ ևս ընգծելով, որ իրենց գործողությունները համաձայնեցված են եղել իրաքյան կողմի հետ, և ստորաբաժանումն Իրաք է մտցվել քրդական փեշմերգեի մարտիկներին մարզելու համար։

Բացի այս, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Թուրքիա է այցելել Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Հատկանշական է, որ Բարզանին առաջին հերթին հանդիպել է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանին։ Ավեի ուշ Բարզանիին կընդունեն Թուրքիայի վարչապետն ու նախագահը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Թուրքիան շուրջ 150-հոգանոց հատուկջոկատայինների գումարտակ էր մտցրել Իրաքի տարածք՝ հայտարարելով, որ ստորաբաժանումները պետք է մարզեն քրդական Փեշմերգեին։

Սակայն ընդամենը մեկ օր անց՝ դեկտեմբերի 5-ին, Իրաքի կառավարությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ եթե Թուրքիան անմիջապես զորքերը դուրս չբերի, ապա իրենք հակաքայլեր կձեռնարկեն։

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ. 2015-ի ապրիլ

Միաժամանակ Իրաքի խորհրդարանի անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավարը հայտարարել էր, որ իրենք կարող են նաև դիմել Ռուսաստանի ռազմական օգնությանը, եթե Թուրքիան հրաժարվի դուրս բերել իր զորքերը՝ ավելացնելով, որ Իրաքը Թուրքիայի 48 ժամ է տալիս ստորաբաժանումները դուրս բերելու համար։ Ըստ էության այդ ժամանակն արդեն լրացել է, սակայն դեռևս կողմերից ոչ մեկը կտրուկ քայլերի չի դիմել։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թուրքիան նախատեսում էր իր իրաքյան ստորաբաժանումները համալրել ևս 350 հատուկջոկատայիններով՝ եղած զորքերը դուրս բերելու փոխարեն, սակայն դեկտեմբերի 7-ին թուրքական կողմը հայտնել էր, որ ժամանակավորապես կասեցնում է նոր ստորաբաժանումների տեղակայումը։

One response to “Իրաքը խնդրում է ՆԱՏՕ-ի օգնությունը՝ թուրքական զորքերը դուրս բերելու համար

  1. Pingback: Իրաքը Թուրքիայի հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *