ԱՄՆ-ում հանդիպել են Արցախի արտգործնախարարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը

Դեկտեմբերի 8-ին Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը ԱՄՆ-ում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակցային գործընթացում առկա իրավիճակին առնչվող մի շարք հարցեր:Մասնավորապես, երկուստեք ընդգծվել է հրադադարի խախտումները բացառելու և շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԳՆ կայքը։

Կարեն Միրզոյանի հանդիպումներն ԱՄՆ-ում։ Նկարը՝ Արցախի ԱԳՆ-ի

Կարեն Միրզոյանի հանդիպումներն ԱՄՆ-ում։ Նկարը՝ Արցախի ԱԳՆ-ի

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Կարեն Միրզոյանն ԱՄՆ-ում հանդիպել է նաև Ամերիկայի հայկական համագումարի և ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Արցախ-ԱՄՆ համագործակցության հետագա զարգացման և ընդարձակման, ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնության, ինչպես նաև շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկվող խախտումների և սադրանքների աճի հետ կապված հարցեր: Միրզոյանը գոհունակություն է հայտնել ԱՄՆ հայկական կազմակերպությունների հետ առկա համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ, ինչպես նաև կարևորել նրանց գործունեությունը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանը:

Հայ Դատի հանձնախմբի անդամների հետ հանդիպումից հետո Արցախի արտգործնախարարը մասնակցել է ի նպաստ Արցախի քարոզարշավի մասնակիցների համար կազմակերպված ընդունելությանը, որոնք Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ ժամանել էին Վաշինգտոն՝ ԱՄՆ Կոնգրեսում հանդիպումներ ունենալու և Արցախին առնչվող հարցերը կոնգրեսականների հետ քննարկելու համար:

Հանդիպումներին ԱԳՆ ղեկավարին ուղեկցել է ԱՄՆ-ում և Կանադայում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

One response to “ԱՄՆ-ում հանդիպել են Արցախի արտգործնախարարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 6 – 12 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *