Իրանի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Փուրդասթան դեկտեմբերի 8-ին հայտարարել է, որ առաջիկա օրերն Իրանի զինված ուժերը Թեհրանի մոտակայքում իրականացնելու են հակաահաբեկչական զորավարժություն՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը դիմակայելու իրենց պատրաստությունը ցույց տալու համար։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:
Փուրդասթանը հայտարարել է, որ իրենք ԻՊ դեմ պայքարում պատրաստ են կիրառել ցանկացած միջոց, բացի միջուկային, քիմիական և կենսաբանական զենքերից՝ հավելելով, որ ցանկացած ոտնձգություն Իրանի պետական անվտանգությանն արժանանալու է ջախջախիչ պատասխանի։
Նա նաև նշել է Ռուսաստանից Իրանին փոխանցող Ս-300 զենիթահրթիռային համակարգերի մասին ու հավելել, որ Թեհրանի օրակարգում է նաև Տ-90 տանկերի գնումը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և հատուկ ծառայությունների իրականացրած գործողությունների արդյունքում երկրի Քերմանշահ նահանգի սահմանային տարածքներում ձերբակալվել են ահաբեկչական խմբավորման անդամներ։ Իսկ ավելի վաղ՝ նոյեմբերի 16-ին Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին հայտարարել էր, որ երկրի անվտանգության ծառայությունները մոհարրամ ամսին (հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում) չեզոքացրել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ավելի քան 10 խումբ:
Հատկանշական է, որ Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ալ-Ջաֆաարին նոյեմբերի 13-ին Փարիզում կազմակերպված ահաբեկչություններից հետո հայտարարել էր, որ իր երկրի հատուկ ծառայությունները Իրանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի իշխանություններին զգուշացրել էին հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին: Սակայն Իրանը, չնայած այս նախազգուշացմանը միջոցառումներ է ձեռք առել միայն իսլամիստների փարիզյան գործողություններից հետո։ Նոյեմբերի 15-ին Իրանի հետախուզության և ազգային անվտանգության նախարար Մախմուդ Ալավին հայտարարել է, որ Փարիզի և Լիբիայի դեպքերն ազդանշան էին Իրանին՝ համապատասխան միջոցառումներ նախաձեռնելու համար։