ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է Թուրքիային շուրջ 70 մլն դոլար արժողությամբ JDAM համակարգերի վաճառքի պայմանագիրը։ Համակարգը նախատեսված է չկառավարվող ավիացիոն ռումբերը հեռակառավարվող դարձնելու համար։ Այս մասին դեկտեմբերի 7-ին հայտնում է ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության կայքը։
ԱՄՆ արտաքին ռազմական վաճառքներով զբաղվող կառույցը հայտնել է, որ Թուրքիային վաճառվելու է 1000 միավոր JDAM (Joint Direct Attack Munition) համակարգ, որը նախատեսված է չկառավարվող ռումբերը կառավարվող դարձնելու համար՝ ամերիկյան GPS նավիգացիոն համակարգով։
Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսը 15 օր ունի վաճառքի վրա արգելք դնելու համար, սակայն դեպքերի նման ընթացքը գրեթե բացառվում է, քանի որ կողմերն արդեն վերջնական համաձայնության են եկել։
Թուրքիայի կառավարությունը դիմել էր ամերիկյան կողմին՝ ցանկություն հայտնելով գնել մասնավորապես հետևյալ սարքավորումները՝
• 400 միավոր GBU-31(V)1 JDAM համակարգի պոչային հավելված՝ նախատեսված Mk84 ռումբերի համար,
• 200 միավոր GBU-31(V)3 համակարգի պոչային հավելված՝ նախատեսված BLU-109 ռումբերի համար,
• 300 միավոր GBU-38 համակարգի պոչային հավելված՝ նախատեսված Mk82 ռումբերի համար,
• 100 միավոր GBU-54 լազերային ուղղորդմամբ JDAM՝ նախատեսված Mk82 ռումբերի համար,
• 200 միավոր BLU-109 ծանր թիրախների ոչնչացման մարտագլխիկ,
• 1000 միավոր FMU-152A/B տեսակի «պայթուցիչներ»:
Պայմանագրի մեջ մտնում է նաև սարքավորումների պահեստամասերի տրամադրումը, տեղում ինտեգրումը, անձնակազմի ուսուցանումը, սարքավորումների ստուգումը, ինչպես նաև սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ այլ պարագաների ու գիտելիքների տրամադրումը։
Բացի այդ նշվում է, որ այս հայտարարությունը նախապես հրապարակվել էր նաև 2015-ի հոկտեմբերի 30-ին, սակայն սխալ էր նշվել հիմնական կապալառուն, որն ամերիկյան «Բոինգ» ընկերությունն է։ Հավելենք, որ դեռևս 1997-ից ամերկյան հենց այդ ընկերությունն է զբաղվում JDAM համակարգերի արտադրությամբ։
Ամերիկյան կողմը նշում է, որ Թուրքիայի նման համակարգեր վաճառելու որոշում է կայացվել ՆԱՏՕ-ի անդամ այդ երկրի անվտանգությունն ապահովելու և ռազմաօդային ուժերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով։
Pingback: ԱՄՆ-ն Թուրքիային շուրջ 683 մլն-ի «խելացի ռումբեր» է վաճառելու | Ռազմ.info