Թուրք-քրդական բախումներում հատուկջոկատային ոստիկան է սպանվել

Դեկտեմբերի 8-ին թուրքական ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումը փորձել է վերացնել քուրդ զինյալների բարիկադները և խրամատները երկրի հարավարևելյան Նուսայբին գավառում, ինչի հետևանքով սպանվել է մեկ ոստիկան: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը։

Մարդինի Նուսայբին գավառում պարետային ժամ է հայտարարվել: Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության:

Մարդինի Նուսայբին գավառում պարետային ժամ է հայտարարվել

Նուսայբին գավառում արդեն մեկ ամիս շարունակ գործում է փողոց դուրս գալու արգելքը։ Քրդերի բարիկադները վերացնելու փորձի ժամանակ փոխհրաձգություն է սկսվել թուրքական ոստիկանության և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների միջև, ինչի արդյունքում սպանվել է մեկ, վիրավորվել՝ ևս մեկ թուրք ոստիկան։

Թուրքական ուժայինները լայնածավալ գործողություններ են սկսել այդ գավառում՝ քուրդ զինյալներին հայտնաբերելու և ոչնչացնելու համար։

Հավելենք, որ ընդամենը երկու շաբաթ առաջ Թուրքիայի խորհրդարանի նիստում մի շարք պատգամավորներ մեղադրում էին թուրքական իշխանություններին՝ երկրի տարբեր հատվածներում պարբերաբար փողոց դուրս գալու արգելք սահմանելու համար՝ նշելով, որ սահմանափակվում է քաղաքացիների ազատ շարժի իրավունքը, ինչը ցույց է տալիս քրդական ուժերի դեմ պայքարելու անզորությունը։

Թուրք-քրդական բախումները սաստկացան այն բանից հետո, երբ 2015-ի հուլիսի 23-ին «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների արձակած կրակոցների հետևանքով զոհվել էր թուրք-սիրական սահմանագծին ծառայող Թուրքիայի ԶՈւ 1 ենթասպա, ևս 4 զինծառայողներ վիրավորվել էին: Այս դեպքից հետո թուրքական կառավարությունը կարճ ժամանակով գործողություններ սկսեց ԻՊ-ի դեմ, միաժամանակ իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով անմիջապես անցավ քրդերի դեմ պայքարին` ավիահարվածներ հասցնելով Իրաքում PKK-ի դիրքերին, ինչպես նաև գործողություններ սկսելով Թուրքիայի ներսում:

Վերջին ամիսների ընթացքում՝ չնայած նրան, որ քրդական PKK-ն տվել է շուրջ 2 հազար սպանված՝ այն էլ մեծագույն մասը Իրաքի հյուսիսում հասցված ավիահարվածներից, թուրքական ուժայինները ևս հսկայական կորուստներ են կրել երկրի ներսում գրանցված բախումների հետևանքով։ Շուրջ մեկ ամիս առաջ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության տվյալներով սպանվել էր գրեթե 200 ուժային։ Վերջին մեկ ամսվա ընթացքում կորուստներն աճել են, սակայն այս տվյալները կարող են չամփոփել կորուստների իրական չափը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *