Դեկտեմբերի 7-ին Կիպրոսում ՌԴ դեսպան Ստանիսլավ Օսադչին հայտնել է, որ Ռուսաստանը բանակցում է Կիպրոսի հետ՝ այդ երկրի ավիաբազաներն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում օգտագործելու համար։ Այս մասին հայտնում է կիպոսյան Cyprus Mail պարբերականի կայքը։
Կիպրոսում ՌԴ դեսպանը պարզաբանել է, որ երկու երկրների արտգործանախարությունները քննարկում են կիպրոսյան ռազմաբազաներում ՌԴ ԶՈւ ռազմական ինքնաթիռների լիցքավորման, ինչպես նաև տեխնիկական սպասարկման հնարավորությունները։ Մասնավորապես խոսքն այն ռազմաբազաների մասին է, որոնցից օգտվում են Գերմանիան և Ֆրանսիան։
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել էր, որ փետրվարի 25-ին ՌԴ պաշտոնակցի հետ ստորագրելու է մի շարք պայմանագրեր՝ այդ թվում նաև ռազմական համագործակցության նոր պայմանագիր, որի համաձայն Ռուսաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերը հնարավորություն կստանան օգտագործել Կիպրոսի հարավարևմտյան Պաֆոս քաղաքի «Անդրեաս Պապանդրեու» ավիաբազան։
Սակայն Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասսուլիդեսը հերքել էր ՌԴ-ին ռազմաբազա տրամադրելու մասին տեղեկությունը՝ հայտարարելով, որ նախագահ Անաստասիադիսը, ասելով, որ ցանկանում է թարմացնել երկու երկրների միջև կնքված ռազմական համագործակցության համաձայանագիրը, իրականում ի նկատի է ունեցել թարմացնել 2014-ին Ռուսաստանի ու Կիպրոսի կնքած պայմանագիրն ու այդ պայմանագրի շրջանակներում հավելյալ ռազմական արտադրանք ձեռք բերել Ռուսաստանից:
Կիպրոսն արդեն իսկ 2013-ից Ռուսաստանին թույլատրել էր հումանիտար նպատակներով օգտագործել Լիմասսոլի ռազմածովային բազան, իսկ 2015-ի փետրվարից՝ նաև հակաահաբեկչական պայքարի համար: Սակայն Կիպրոսի արտգործնախարարի պնդմամբ՝ ռազմաօդային ուժերի համար Կիպրոսում ռազմաբազա ունենալու հետ կապված առաջարկներ Ռուսաստանը երբեք չի արել և նման հարց չի բարձրացրել:
Հավելենք, որ կիպրոսյան ռազմաբազաներից ներկայում օգտվում են նաև Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան: Սակայն ֆրանսիական և գերմանական ինքնաթիռներն այդ բազաները չեն կարող օգտագործել ավիահարվածների համար թռիչքներ իրականացնել։ Իսկ Մեծ Բրիտանիան օգտագործում է Կիպրոսի «Ակրիոտի» ռազմաբազան ոչ միայն տեխնիկական սպասարկման՝ այլև ԻՊ-ի դիրքերին ավիահարվածեր հասցնելու համար։