Անցյալ շաբաթ Իրաքում իր հատուկջոկատայինների ավելացումից հետո Թուրքիան առայժմ դադարեցրել է ևս շուրջ 350 զինվորականներով համալրումը, որ նախատեսված էր այս շաբաթ։ Սակայն առայժմ հրաժարվում է դուրս բերել եղած զորքերը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը։
Թուրքիան դադարեցրել է Իրաքի հյուսում՝ Մոսուլի մոտակայքում, տեղակայված Բեշիքա ավանի ռազմական ճամբարում Իրաքյան Քրդստանի փեշմերգեին մարզող թուրքական հատուկջոկատայինների համալրումը՝ տեղի տալով Իրաքի կառավարության պահանջներին։
Ըստ հաղորդվող տեղեկության՝ Թուրքիան Իրաքի սահմանի մոտ կուտակել է շուրջ 350 զինվորականներ, որոնց այս շաբաթվա ընթացքում նախատեսում էր մտցնել Իրաքի տարածք՝ նշված ճամբարում տեղակայելու համար։
Չնայած, որ գործընթացը դադարեցվել է՝ Թուրքիան կարող է Իրաքի կառավարության հետ համաձայնության հասնելու պարագայում շարունակել համալրել իր իրաքյան ստորաբաժանումները։
Այդ նպատակով Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նամակ է գրել Իրաքի իր գործընկերոջը՝ Հեյդար ալ-Աբադիին՝ նշելով, որ եթե Իրաքը շարունակի պնդել, ապա իրենք կդադարեցնեն ստորաբաժանումների համալրումը, սակայն խոսք չի գնացել արդեն իրաքում տեղակայված ստորաբաժանումները հետ քաշելու մասին։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Դավութօղլուն հիշեցրել է, որ Թուրքիան 2015-ի մարտից այդ ճամբարում մարզում է փեշմերգեի մարտիկներին։
Նշենք, որ Իրաքի ղեկավարությունը շուրջ 48 ժամ էր տվել Թուրքիայի՝ արդեն Իրաքում տեղակայած զորքերը դուրս բերելու համար։ Մինչ օրս դեռևս խոսք չէր գնացել հետագա համալրումը դադարեցնելու մասին։
Հավելենք, որ այս շաբաթ՝ դեկտեմբերի 9-ին, Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մասութ Բարզանին և պաշտպանության նախարարն այցելելու են Թուրքիա։ Ըստ երևույթին Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը Թուրքիայում ևս քննարկելու է թուրքական ստորաբաժանումների տեղակայման և հետագա գործողությունների հարցը՝ նաև Իրաքի կառավարության ակնհայտ անհամաձայնության համատեքստում։
Դեկտեմբերի 4-ին Թուրքիան շուրջ 150 հատուկջոկատայիններ էր մտցրել Իրաքի տարածք՝ նշելով, որ զինվորականները ներգրավվելու են Բեշիքայի զինվորական ավանում քրդական փեշմերգեի մարզումներին, և ամեն բան համաձայնեցված է Իրաքի ղեկավարության հետ։ Ընդամենը մեկ օր անց՝ դեկտեմբերի 5-ին, Իրաքի կառավարությունը Թուրքիայից պահանջել էր դուրս բերել զորքերն իր տարածքից՝ դա համարելով այդ երկրի ինքնիշխանության կոպիտ խախտում և թշնամական ակտ՝ հերքելով քայլն իրենց հետ համաձայնեցնելու մասին թուրքական պնդումները:
Իսկ դեկտեմբերի 6-ին Իրաքի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավարը հայտարարել էր, որ եթե Թուրքիան հրաժարվի իր զորքերը դուրս բերել Իրաքի տարածքից, ապա իրենք կարող են նաև ռազմական միջամտության համար դիմել Ռուսաստանին։
Pingback: ԱՄՆ-ն դեմ է առանց Իրաքի համաձայնության այդ երկիր զորք մտցնելուն | Ռազմ.info