Սոցիալական ցանցերում ադրբեջանական բաց, ոչ պաշտոնական աղբյուրներից Razm.info-ին հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 5-ին առաջնագծում՝ Ադրբեջանի Տերտերի շրջանի հատվածում, սպանվել է Ադրբեջանի բանակի ավագ լեյտենանտ, 1988 թ. ծնված Մոլլաև Աբդուլլա Մոլլա օղլուն (Mollayev Abdulla Molla oğlu), ևս 2 զինծառայող վիրավորվել են:
Պաշտոնական աղբյուրներն ու ադրբեջանական լրատվակայքերն այս մասին դեռ լռում են:
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) հատվածում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը կանխելիս զոհվել է ՊԲ զինծառայող, 1995 թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը քիչ անց հայտարարել էր, թե իբր հայկական կողմն է փորձել դիվերսիա իրականացրել, ինչի հետևանքով ադրբեջանական բանակի ենթասպա է վիրավորվել:
Հիշեցնենք նաև, որ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ադրբեջանական Oxu.az լրատվակայքը նույն հատվածում անօդաչու սարքից նկարահանած՝ հայկական դիրքերի հրետակոծման տեսանյութ էր հրապարակել՝ պնդելով, թե հայկական կողմը կորուստներ ունի: Սակայն Արցախի ՊԲ և ՀՀ ՊՆ մամուլի խոսնակներ Սենոր Հասրաթյանը և Արծրուն Հովհաննիսյանը հերքել են հայկական կողմի կորուստների մասին հայտարարությունը։ Վերջինս նաև հավելել էր, որ հակառակորդը փաստորեն խոստովանում է իր ագրեսիվ քայլերը, որոնց համար պատասխանատվություն է կրելու:
Հաշվի առնելով, որ ավագ լեյտենանտ Մոլլաևը ծառայում էր առաջնագծի նույն այդ հատվածում՝ կարելի է ենթադրել, որ հայկական կողմի պատասխանը չի ուշացել։
Լրացում.
Սպանված ավագ լեյտենանտի մասին լուրը 2 օր անց՝ դեկտեմբերի 7-ին, հաստատել է նաև Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Pingback: Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանի ԶՈւ-ն ունի ևս 2 սպանված և 1 վիրավոր զինծառայող | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 6 – 12 դեկտեմբեր, 2015 | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի դեկտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info