Դիարբեքիրում օդուժի ներգրավմամբ ռազմական գործողություններ են իրականացվում

Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում թուրքական ուժայինները օդուժի ներգրավմամբ ռազմական գործողություններ են իրականացնում «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ։ Այս մասին դեկտեմբերի 3-ին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքական ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի գրոհայինների դեմ

Թուրքական ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի գրոհայինների դեմ

Դեկտեմբերի 2-ին Սուր գավառում փողոց դուրս գալու արգելք սահմանելուց հետո թուրքական ոստիկանությունը և ժանդարմերիան համատեղ ռազմական գործողություններ են սկսել այդ գավառում, թուրքական կողմի բնորոշմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող PKK-ի զինյալներին վնասազերծելու նպատակով։

Նշվում է, որ թուրքական ուժայինները դեկտեմբերի 3-ի դրությամբ կարողացել են «ոչնչացնել» 4 քուրդ գրոհային, ինչպես նաև մի շարք թաքստոցներ, զենքի պահեստներ, վնասազերծել են ռումբեր։

Գավառի բազմաթիվ բնակիչներ, սեփական անվտանգության նկատառումներից ելնելով, սկսել են զանգվածաբար լքել իրենց գավառի տարածքը՝ ոստիկանության կամ ժանդարմերիայի կողմից մանրազնին քննության ենթարկվելուց հետո։

Ավելացնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստում մի շարք պատգամավորներ մեղադրում էին թուրքական իշխանություններին՝ երկրի տարբեր հատվածներում պարբերաբար փողոց դուրս գալու արգելք սահմանելու համար՝ նշելով, որ սահմանափակվում է քաղաքացիների ազատ շարժի իրավունքը, ինչը ցույց է տալիս քրդական ուժերի դեմ պայքարելու անզորությունը։

Թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալությունն իր հերթին հայտնում է, որ ուժայինները 4 կողմից շրջափակել են գավառի տարածքը և օդուժի ներգրավմամբ լայնածավալ գործողությւններ են իրականացնում՝ պնդելով սակայն, որ դա չի վնասի խաղաղ բնակչությանը:

Նշենք, որ Դիարբեքիր նահանգի բնակչության մեծամասնությունն ազգությամբ քրդեր են։ Վերջիններիս զգալի մասը մշտապես հանդես է եկել քրդերի իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ սատարելով PKK-ի՝ իրենց բնորոշմամբ ազգային-ազատագրական շարժումը։

Հավելենք, որ թուրքական «Դողան» լրատվական գործակալության՝ դեկտեմբերի 4-ին հայտնած տեղեկության համաձայն՝ թուրքական ռազմական ինքնաթիռների թռիչքներ են նկատվել երկրի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառի տարածքում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ օդանավերը շարժվում են դեպի Իրաքի հյուսիսում տեղակայված PKK-ի ճամբարները։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Արթուքլու գավառում PKK-ի հետ բախման արդյունքում  սպանվել էր Թուրքիայի ԶՈւ 1, վիրավորվել՝ 5 զինծառայող։

Հուլիսի 23-ին «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների արձակած կրակոցների հետևանքով զոհվել էր թուրք-սիրական սահմանագծի Քիլիս քաղաքի շրջանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ 1 ենթասպա, ևս 4 զինծառայողներ վիրավորվել էին: Այս դեպքից հետո թուրքական կառավարությունը կարճ ժամանակով գործողություններ սկսեց ԻՊ-ի դեմ, միաժամանակ իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով անմիջապես անցավ քրդերի դեմ պայքարին` ավիահարվածներ հասցնելով Իրաքում PKK-ի դիրքերին, ինչպես նաև գործողություններ սկսելով Թուրքիայի ներսում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *