ՀԱՊԿ արտգործնախարարները քննարկել են ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀԱՊԿ արտգործնախարարները հանդիպել են Բելգրադում և քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի՝ 2015թ. սեպտեմբերին կայացած նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցեր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքը:

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի անդամներն անդրադարձել են նաև ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների 22-րդ խորհրդի օրակարգային հարցերին։ (Նշենք, որ արտգործնախարարները Բելգրադում հավաքվել են հենց ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 22-րդ խորհրդի շրջանակներում):

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ։

Անդրադարձ է արվել թուրքական զինված ուժերի կողմից Սիրիայում հակաահաբեկչական գործողությանը մասնակցող ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռի խոցման հետևանքով ստեղծված իրավիճակին։

Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը նշել է, որ ինքնաթիռի խոցումը լուրջ հարված է ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի համախմբմանը և Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացին։

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները հավանություն են տվել դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգի հարցերին, մտքեր փոխանակել ՀԱՊԿ կանոնադրական մարմինների աշխատանքների վերաբերյալ։

One response to “ՀԱՊԿ արտգործնախարարները քննարկել են ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *