Թուրք-քրդական բախումներում զոհվել է Թուրքիայի ԶՈւ 1, վիրավորվել՝ 5 զինծառայող

Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Արթուքլու գավառում քրդական PKK-ի մարտիկները հարձակվել են Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ տեղափոխող մեքենայի վրա, ինչի հետևանքով սպանվել է 1, վիրավորվել՝ 5 զինծառայող։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողի հուղարկավորություն

Թուրքիայի ԶՈւ զինծառայողի հուղարկավորություն

Փոխանցվող տեղեկության համաձայն՝ մեքենան պայթեցվել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) մարտիկների կողմից ճանապարհի վրա նախապես տեղադրված ռումբի միջոցով։

Թուրքական «Հյուրիեթ» պարբերականն իր հերթին ավելացնում է, որ զոհված զինծառայողը Թուրքիայի ԶՈւ պրոֆեսիոնալ սերժանտ էր։ PKK-ի գրոհայինները մեքենան պայթեցրել են հեռակառավարվող ռումբի օգնությամբ։ Միջադեպից հետո թուրքական ուժայինները փակել են ճանապարհները և լայնածավալ գործողություններ են սկսել այդ շրջանում։

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին նույն Մարդին նահանգի Դերիք գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել էր PKK-ի 7 զինյալ:

Հավելենք, որ հուլիսի 23-ին «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների արձակած կրակոցների հետևանքով զոհվել էր թուրք-սիրական սահմանագծի Քիլիս քաղաքի շրջանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ 1 ենթասպա, ևս 4 զինծառայողներ վիրավորվել էին: Այս դեպքից հետո թուրքական կառավարությունը կարճ ժամանակով գործողություններ սկսեց ԻՊ-ի դեմ, ինչից հետո անմիջապես անցավ քրդերի դեմ պայքարին` ավիահարվածներ հասցնելով Իրաքում PKK-ի դիրքերին, ինչպես նաև գործողություններ սկսելով Թուրքիայի ներսում:

«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակը զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավարևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիսարևմտյան և Սիրիայի հյուսիսարևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումն է:

Կազմակերպության հիմքում ընկած են մարքսիստական, սոցիալիստական և քուրդ ազգայնականության գաղափարախոսությունները: PKK-ի ռազմական թևը «Ժողովրդի պաշտպանական ուժեր»-ն են (Hêzên Parastina Gel — HPG, անգլ.` People’s Defence Forces). PKK-ի, ինչպես նաև վերջինիս ռազմական թևի ինտերնետային կայքերն արգելափակված են թուրքական դատարանի որոշմամբ:

Հավելենք, որ երբեմն PKK-ն վերջինիս ռազմական թևի անվամբ կոչում են նաև HPG. կազմակերպության կանանց թևը YJA STAR-ն է (քրդերեն` Yekîneyên Jinên Azad ên Star, անգլ.` Free Women’s Units)։

Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի մարտիկներ

Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի մարտիկներ

One response to “Թուրք-քրդական բախումներում զոհվել է Թուրքիայի ԶՈւ 1, վիրավորվել՝ 5 զինծառայող

  1. Pingback: Դիարբեքիրում օդուժի ներգրավմամբ ռազմական գործողություններ են իրականացվում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *