Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին այցելել է Ադրբեջան և հանդիպել երկրի նախագահ Իլհամ Ալիևին, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և վարչապետ Արթուր Ռասիզադեին։
Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը Խիդաշելին նշել է, որ իր այցը Ադրբեջան կնպաստի այդ երկրների ռազմական կառույցների միջև համագործակցությանը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի կայքը:
Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ արդեն Զաքիր Հասանովը նշել է, որ կարևոր է երկու երկրների համագործակցությունը հատկապես ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում:
Համաձայն Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ քննարկվել են նաև երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև կապերի ամրապնդման, ռազմական և այլ ոլորտներում համագործակցության, երկու երկրների ԶՈւ տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժությունների իրականացման և այլ հարցեր։
Վրաստանի պաշտպանության նախարարի և Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հանդիպմանը վարչապետ Ռասիզադեն նշել է, որ շարունակելու են ամրապնդել երկու երկրների միջև համագործակցությունը տնտեսական, էներգետիկայի, ռազմական, ռազմական արդյունաբերության և այլ ոլորտներում:
Խիդաշելիի այցը Ադրբեջան շարունակվելու է մինչև վաղը՝ դեկտեմբերի 3-ը:
Նշենք, որ նախօրեին՝ դեկտեմբերի 1-ին էլ Ադրբեջան է այցելել Վրաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Էբրալիձեի պատվիրակությունը, որն այնտեղ ծանոթացել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործունեությանը: