Փարիզում Պուտինի և Էրդողանի միջև հանդիպում չի լինելու. ՌԴ նախագահի խոսնակ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Փարիզում ՌԴ նախագահի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հանդիպում չի լինելու: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

ՌԴ նախագահի խոսնակը հերքել է այս օրերին Փարիզում անցկացվող ՄԱԿ «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովին երկու երկների նախագահների հնարավոր հանդիպման մասին խոսակցությունները: Նա ընդգծել է, որ Պուտինը մոտ ապագայում չի պլանավորում Էրդողանի հետ հանդիպում կամ հեռախոսազրույց ունենալ:

Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը փորձել  է երկու անգամ հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ և նրան Փարիզում կայանալիք համաժովի շրջանակներում հանդիպում է առաջարկել: Այս կապակցությամբ նոյեմբերի 27-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Կրեմլը անպատասխան է թողնում Էրդողանի առաջարկությունները, քանի որ չի տեսնում թուրքական կողմի՝ ներողություն խնդրելու պատրաստակամությունը Սու-24 ինքնաթիռը խոցելու համար:

Հատկանշական  է, որ այս օրերին Բրյուսելում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ թող ոչ մի պետություն Թուրքիայից ներողության չսպասի:

Հիշեցնենք, որ թուրք-ռուսական հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ի առավոտյան, Սիրիայի՝ Թուրքիայի հետ սահմանամերձ հատվածում Թուրքիան խոցեց Ռուսաստանի զինված ուժերի Սու-24 ռմբակոծիչը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *