Նոյեմբերի լույս 29-ի գիշերը Դաղստանի Սուլեյման-Ստալսկի և Մագարամքենթ շրջանների առանձին վայրերում՝ Աշագա-Ստալ, Իսպիկ և Կասումքենթ բնակավայրերում, հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։ Հատուկ գործողության ժամանակ սպանվել է 3 գրոհային։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի մամուլի ծառայությանը։
Հանձնաժողովի տվյալներով՝ տեղի ուժային կառույցները հետախուզաորոնողական միջոցառումների շնորհիվ պարզել են զինված խմբավորման թաքստոցը։ Գործողության սկզբում վերջիններիս առաջարկվել է հանձնվել, սակայն զինյալները կրակել են անվտանգության աշխատակիցների ուղղությամբ՝ փորձելով թաքնվել։ Պատասխան կրակից սպանված 3 զինյալների ինքնությունն արդեն հայտնի է։
Նշվում է, որ զինյալները հավատարմության երդում են տված եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, կռվել են Սիրիայում և եղել են հետախուզման մեջ։ Նրանցից մեկը Մահմուդ Մահմուդովն է՝ ծնված 1979-ին, որը գլխավորել է «Տաբասարանովսկ» ահաբեկչական խմբավորումը, մյուսը՝ Ռովերտ Մելիքովը՝ ծնված 1985-ին, ղեկավարել է «Սուլեյման-ստալսկ» հանցախումբը, երրորդը՝ Հասան Մամեդյարովը՝ ծնված 1989-ին։ Վերջինս զինյալների շարքերում Սիրիայում կռվելուց հետո այս տարի վերադարձել էր Դաղստան ու միացել «Սուլեյման-ստալսկ» խմբավորմանը։
Հավելենք, որ նոյեմբերի 17-ին Դաղստանի նախագահ Ռամզան Աբդուլատիպովը ռուսաստանյան «Գովորիտ Մոսկվա» ռադիոընկերության եթերում խոսել է այդ հանրապետությունում զինյալների թվի ու ուժայինների կատարած աշխատանքի մասին՝ նշելով, որ մեկ ու կես տարվա ընթացքում Դաղստանում ահաբեկչություն չի եղել։ Դաղստանի ղեկավարը նաև հայտարարել էր, որ այժմ Դաղստանում 30-40 մարդ է հաշվվում այդպիսի ընդհատակյա խմբերում։ Չնայած կան նաև հսկայական թվով մարդիկ, ովքեր պետության սահմաններից դուրս են։