Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Թուրքիայի ԱԳ նոր նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով ժամանելու է Ադրբեջան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպանությանը։
Համաձայն հաղորդագրության այցի ընթացքում Չավուշօղլուն հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, վարչապետ Արթուր Ռասիզադեին, խորհրդարանի նախագահ Օքթայ Ասոդովին և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին։ Հանդիպումների ընթացքում քննարկվելու են թուրք-ադրբեջանական համագործակցության և այլ հարցեր։
Նշենք, որ սա Թուրքիայի նոր կառավարության հաստատումից հետո Չավուշօղլուի առաջին պաշտոնական արտասահմանյան այցն է որպես Թուրքիայի ԱԳ նախարար։
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ից Թուրքիայում ժամանակավոր կառավարության ձևավորումից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես իրականացնում էր Ֆերիդուն Սինիրլիօղլուն, ով նոյեմբերի 24-ին պաշտոնը հանձնել է նոր նախարար Չավուշօղլուին։