ՌԴ ԶՈւ ինքնաթիռի խոցման հետ կապված՝ Թուրքիայում հրավիրվել է անվտանգության խորհրդի նիստ

Ռուսաստանն իր ինքնաթիռի խոցման դեպքից հետո ռազմական հաշվեհարդար չի տեսնելու Թուրքիայի դեմ, բայց միաժամանակ զգուշացնում է Անկարային, որ դա անհետևանք չի մնալու: Այս մասին, ըստ ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալության, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը:

Ռուսաստանյան զինված ուժերի՝ թուրք-սիրիական սահմանին մոտ՝ Սիրիայի տարածքում ընկած Սու-24 ինքնաթիռը անկման պահին

Ռուսաստանյան զինված ուժերի՝ թուրք-սիրիական սահմանին մոտ՝ Սիրիայի տարածքում ընկած Սու-24 ինքնաթիռը անկման պահին

Մյուս կողմից էլ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ չեղյալ է հայտարարել Թուրքիա կատարելիք իր այցը, որի շրջանակներում հանդիպելու էր Թուրքիայի ԱԳՆ նախարար Սինիրլիօղլուի հետ:

Թուրքիայում էլ դեպքի հետ կապած մանրամասները քննարկելու համար հրավիրվել է անվտանգության խորհրդի նիստ, որին մասնացում են Թուրքիայի նախագահ Էրդողանը, վարչապետ Դավութօղլուն, ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը և ազգային հետախուզության պետ Հաքան Ֆիդանը: Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը: Նիստը դեռևս չի ավարտվել:

Ինքնաթիռի խոցումից հետո Թուրքիայում ՌԴ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ: Բացի այդ, Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է նաև ՄԱԿ անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Անգլիայի դիվանագետներին՝ միջադեպի հետ կապված տեղեկություններ տրամադրելու համար: Այս մասին հայտնում  է թուրքական «Միլիյեթ» պարբերականը: Հաղորդագրության մեջ նշվում  նաև, ուր Թուրքիայի ԱԳՆ նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և անվտանգության խորհրդի անդամներին:

Ինքնաթիռի խոցման առիթով՝ այսօր՝ ժամը 19:00-ին, ՆԱՏՕ-ն նույնպես հրավիրել է արտակարգ խորհրդակցություն՝ ՆԱՏՕ-ում մասնակից պետությունների դեսպանների մասնակցությամբ: Խորհրդակցությունից հետո Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ կարևոր է, որ կողմերը պահպանեն իրենց պայմանավորվածությունը և խուսափեն նման միջադեպերից:

«Ինչպես մենք բազմիցս նշել ենք, մենք շարունակելու են աջակցել ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային իր տարածքային ամբողջականության պահպանման համար: Շարունակելու ենք հետևել  ՆԱՏՕ-ի հարավարելյան սահմանին տեղի ունեցող զարգացումներին»,- ասել է Ստոլտենբերգը:  Նա նաև կոչ է արել Ռուսաստանին և Թուրքիային պահպանել հանդարտությունը և խուսափել հետագա լարումից:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Թուրքիայի օդուժի F-16 կործանիչները խոցել են Ռուսաստանի զինված ուժերի Սու-24 ռմբակոծիչը, որն ընկել է Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից գյուղում՝ Պուտինի խոոսքով՝ սահմանից 4 կմ հեռավորության վրա: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը՝ գերի է ահաբեկիչների ձեռքում:

Միջադեպի մասին խոսելիս ՌԴ նախագահը հայտարարել է, որ ռուսաստանյան ինքնաթիռի խոցումը դուրս է հակաահաբեկչական պայքարի սահմաններից: Պուտինի խոսքերով՝ այսօրվա կորուստը մեջքին խփված հարվածի հետևանք է, որը հասցրել են ահաբեկիչների հանցակիցները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *