ԱՄՆ հատուկ նշանակության փոքրաթիվ ստորաբաժանումը «շատ շուտով» կլինի Սիրիայում

Ամերիկյան զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մի քանի տասնյակ զինծառայողից բաղկացած անձնակազմը «շատ շուտով» ժամանելու է Սիրիա, ինչպես խոստացել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը։ Այս մասին CBS հեռուսաալիքի` Face The Nation  լրատվական ծրագրի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի՝ ԻՊ դեմ կռվող միջազգային կոալիցիայում ներկայիս հատուկ դեսպան Բրեթ ՄքԳարքը (Brett McGurk)։

ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի «Դելտա» ստորաբաժանման մարտիկներ

ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի «Դելտա» ստորաբաժանման մարտիկներ

Վերջինիս խոսքերով՝ այդ ուժերը պետք է օգնեն Սիրիայի հյուսիսի տեղական ուժերին՝ ԻՊ զինյալների դեմ պայքարում ինքնապաշտպանություն կազմակերպելու հարցում։

Այս հայտարարությանը նախորդել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հայտարարությունը, ըստ որի՝ իր զորքերը 4 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմից հետո սկսել են հաջողության հասնել գրեթե բոլոր ճակատներում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի սկսած գործողություններից հետո։ Վերջինս նաև նշել է, որ ինքը կողմ է Մոսկվայում նոր բանակցություններ անցկացնել խնդրի լուծման վերաբերյալ, սակայն սիրիական ճգնաժամի լուծումն անհնար է համարում առանց ահաբեկչության վերացման։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի՝ Սիրիայում ԻՊ դեմ պայքարը կազմակերպելու համար  մինչև 60-հոգանոց ստորաբաժանում Սիրիա ուղարկելու մտադրության մասին հայտնի էր դեռևս անցած ամիս:

Հավելենք նաև, որ ԻՊ դեմ ներկայում գործողություն են իրականացնում և՛ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան, որի կազմում են նրա նատօյական և մերձավորարևելյան գործընկերները, և՛ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ Սիրիայի նախագահի խնդրանքի համաձայն։

One response to “ԱՄՆ հատուկ նշանակության փոքրաթիվ ստորաբաժանումը «շատ շուտով» կլինի Սիրիայում

  1. Pingback: ԱՄՆ նոր «հատուկ ուժեր» է տեղակայելու Իրաքում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *