Ֆրանսիայի ԶՈւ ավիակիրն առաջին գործողություններն է սկսել ԻՊ դեմ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին Ֆրանսիայի զինված ուժերի «Շարլ դը Գոլ» ավիակրի ինքնաթիռներն առաջին անգամ գործողություն են իրականացրել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: Գործողությունների բնույթը (հետախուզական, մարտական) չի հստակեցվում, հայտնում է ֆրանսիական France 24 հեռուստաալիքի կայքը:

Ֆրանսիայի զինված ուժերի «Շարլ դը Գոլ» ավիակրի վրա տեղակայված կործանիչները. լուսանկարը AFP գործակալության

Ֆրանսիայի զինված ուժերի «Շարլ դը Գոլ» ավիակրի վրա տեղակայված կործանիչները. լուսանկարը AFP գործակալության

Ֆրանսիական ռազմանավը Միջերկրական ծովի արևելք էր ուղևորվել դեռևս Փարիզում իրականացված ահաբեկչությունից առաջ, սակայն միայն այս օրերին է հասել իր նշանակետին:

Ֆրանսիական ռազմանավի՝ Սիրիայի ափերին մոտենալու նպատակն է մարտադաշտին մոտ լինելը, ինչը թույլ կտա գումար խնայել ավելի մոտ թռիչքներ կատարելու միջոցով: Մինչ այս ֆրանսիական զինված ուժերը ԻՊ դեմ կիրառում էր 12 մարտական ինքնաթիռ, որոնք տեղակայված էին Արաբական Միացյալ Էմիրություններում:

Ներկայում, ռազմանավի մոտենալով, Ֆրանսիան նաև մեծացնում է «Իսլամական պետության» դեմ ավիահարվածներ իրականացնող իր ինքնաթիռների թիվը:

Բրիտանական Telegraph լրատվակայքի տեղեկություններով՝ ռազմանավի վրա տեղակայված է 26 կործանիչ, որոնք Սիրիայում և Իրաքում ավիահարվածներ հասցնելու համար թռչելու են Թուրքիայի և Հորդանանի վրայով, որպեսզի խուսափեն Սիրիայի հակաօդային պաշտպանության թիրախում հայտնվելուց: (Նշենք, որ Հորդանանով թռչելու դեպքում ֆրանսիական ինքնաթիռները պետք է անցնեն նաև Եգիպտոսի կամ Իսրայելի օդային տարածքով):

Երեկ՝ նոյեմբերի 22-ին ռուսաստանյան լրատվամիջոցները նաև տեղեկություն էին տարածել, թե Ֆրանսիայի ԶՈւ ավիակիրը կապ է հաստատել Միջերկրականի արևելյան մասում նավարկող ՌԴ ԶՈւ ռազմանավերի հետ, սակայն նույն օրն ավելի ուշ ֆրանսիական ռազմանավի հրամանատարը Էրիկ Մալբրյունոն, հերքելով այդ տեղեկությունը, նշել է, որ ռուսաստանյան ռազմանավերի հետ կապեր դեռ չկան, բայց ինքը չի կասկածում, որ ծովային այդ տարածքում կողմերի կոորդինացիան «ուղղակի հիանալի է լինելու»:

Ռազմանավի հրամանատարը նաև ավելացրել է, որ կոալիցիայի շրջանակներում ԱՄՆ ռազմանավերը ՌԴ ԶՈւ ռազմանավերի հետ արդեն ունեն արձանագրություն, որին կմիանա նաև ֆրանսիական կողմը՝ ռուսաստանյան նավերի հետ կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու համար:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ նախագահը Միջերկրական ծովում ռուսաստանյան նավատորմի ղեկավարին հայտնել է, որ նրանց ուղղությամբ շարժվում է ֆրանսիական ռազմանավերի խումբ՝ ավիակրի գլխավորությամբ, և որ այդ խմբի հետ պետք է ուղիղ կապ հաստատել և աշխատել որպես դաշնակից:

Ավելացնենք, որ Փարիզում նոյեմբերի 13-ին կատարված ահաբեկչությունից Ֆրանսիան ակտիվացրել է իր գործողությունները Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Նոյեմբերի 16-ին Ֆրանսիան իր ամենալուրջ ավիահարվածներն է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կենտրոնին՝ Սիրիայի Ռաքքա քաղաքին:

One response to “Ֆրանսիայի ԶՈւ ավիակիրն առաջին գործողություններն է սկսել ԻՊ դեմ

  1. Pingback: Ֆրանսիական ավիակրի ինքնաթիռները հարվածներ են հասցրել ԻՊ դիրքերին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *