ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ է նշանակվել ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանի հրամանատարը

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ներկայացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Միացյալ շտաբի նոր հրամանատարին՝ նախկինում ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին։

Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ Նկարը՝ Կոմերսանտի

Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ Նկարը՝ Կոմերսանտի

Այս մասին հայտնում է ռուսաստանյան « ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Նշենք, որ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի փոխոխության մասին որոշվել էր այս տարվա սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Սիդորովը փոխարինել է գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենկինին, ով այդ պաշտոնում էր 2012 թվականից։

«Ներկայում ՀԱՊԿ-ի առջև Կազմակերպության անդամ-պետություններին սպառնալիքներից պաշտպանելու համար կարևոր առաջադրանքներ են դրված, ու համոզված եմ, որ Անատոլի Սիդորովի փորձառությունը և գիտելիքները էականորեն կազդեն այդ որոշումներում»,—հայտարարել է Սերգեյ Շոյգուն։

Հավելենք, որ զինված ուժերի արևմտյան ռազմական շրջանի հրամանատար է նշանակվել գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը, ով ՌԴ զինված ուժերի գլխավոր օպերատիվ վարչության պետն էր։

Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը ծնվել է 1958 թվականին Պերմի շրջանում։ Միջնակարգ կրթություն է ստացել սուվորովյան ռազմական վարժարանում, այնուհետև 1979 թ. ավարտել է Մոսկվայի բարձրագույն համազորային հրամանատարական վարժարանը, իսկ 2000 թ-ին՝ ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիան։

Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի կազմում են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը ու Տաջիկստանը: Կազմակերպության նպատակն է հավաքական միջոցներով ապահովել անդամ երկրների անվտանգությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *